Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը մտադիր է դիտորդի կարգավիճակով մտնել Խաղաղօվկիանոսյան ֆորումի մեջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է աշխատանքային այցով Նոր Զելանդիայում գտնվող Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։ Վերջինիս խոսքերով՝ այդ ֆորումի կազմի մեջ են մտնում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին պատկանող բոլոր երկրները։
Նշվում է, որ Գիլաուրին արդեն իսկ հանդիպել է Նոր Զելանդիայի վարչապետի, խորհրդարանի խոսնակի ու խորհրդարանական ընդդիմության առաջնորդի հետ։
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիա է ժամանել նաև Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով այնտեղից ուղևորվելու է Ավստրալիա և Ֆիջի։
Ի դեպ, Վրաստանն Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականին, իսկ Ֆիջիի հետ՝ 2010 թվականին։







































