«Սպանվել է 613 մարդ, բայց մենք պետք է նայենք ապագային»,- Բաքվի Գլոբալ համաժողովի բացման խոսքում Խոջալու դեպքերի մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա 2012 թվականին «Դատապարտված Խոջալու» գրքի համար վաստակավոր ժուռնալիստի կոչման է արժանացրել «Բակինսկի ռաբոչի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյան Չալաձեին, Բաքվի կենտրոնում նրան երեք սենյականոց շքեղ բնակարան նվիրել:
Տատյան Չալաձեի գրքի խորհրդատուն Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Նամիկ Աբասովն է, այն համացանցում տեղադրվել է www.erevangala500.com կայքի էլեկտրոնային գրադարանում և հասանելի է նաև այսօր: Գրքում բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերի լուսապատճեններ կան, որոնցից մեկը կազմել է Ադրբեջանի գլխավոր դատաբժշկական փորձագետ, պրոֆեսոր Ռ.Մ. Յուսիոֆովը:
Ահա այդ փաստաթուղթը, Խոջալուի դեպքի ժամանակ մեր միավորման փորձագետների կողմից դատաբժշկական քննության է ենթարկվել 181 դիակ: Այդ դիակներից 131-ը տղամարդու է, 50-ը՝ կնոջ: Փորձաքննության ենթարկված դիակներից 13-ը երեխայի է: Վնասվածքների առաջացման մեխանիզմը՝ ներքոհիշյալ կարգով.
-բեկորներից-20
– հրազենային գնդակից- 151
– բութ գործիքից- 10:
Ըստ վնասվածքի տեղակայման.
-գլխի մասում-40
-կրծքավանդակի մասում- 74
-որովայնի մասում- 17
-վերջույթների մասում- 11»: – Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության փորձագետների գնահատմամբ՝ «այդ տվյալներն, ամենայն հավանականությամբ, իրական են»,-իսկ Խոջալուի դեպքերով Ադրբեջանում հարուցված քրեական գործի վարույթն իրականացրած քննիչ Միքայիլևի կազմած «Տեղեկանքում» հստակ արձանագրված է, որ «դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել 184 դիակի փաստով»:
Աղդամում դատաբժշկական փորձաքննություն իրականացվել է հատուկ սանիտարական գնացքում, ներկա են գտնվել ինչպես առողջապահության և արդարադատության, այնպես էլ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների տասնյակ պատասխանատուներ, կազմվել է պաշտոնական «Եզրակացություն», որ տրամադրվել է նախաքննության մարմնին: Այսպիսով, իրական փաստ է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ 181 կամ 184 ադրբեջանցի է սպանվել:
Ուշագրավ է, սակայն, որ ադրբեջանական ոչ մի աղբյուր հստակ չի նշում, թե սպանվածների դիակները ո՞ր տեղանքում են հայտնաբերվել, ինչպե՞ս է կազմակերպվել տարհանումը: Դիտարժան է նաև, որ 1993 թվականի հունիսին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրված, երկրի նախագահի պաշտոնակատարի պարտականություններն ստանձնած Հեյդար Ալիևի առաջին կարգադրություններից մեկով լուծարվել է Խոջալուի դեպքերի հետաքննության խորհրդարանական հանձնաժողովը:
Տողերիս հեղինակը մի քանի անգամ որպես լրագրող և ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպման առիթ է ունեցել: Հարցին, թե հիշո՞ւմ են, որ Խոջալուի դեպքերի օրերին Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն զբաղեցրած Հեյդար Ալիևը որևէ հայտարարությամբ հանդես եկած լինի, ստացել եմ նույն պատասխանը. «Նման բան չեմ հիշում»:
Խոջալուի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով դատապարտվել է մեկ անձ՝ Աղդամում Ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչ Ֆահմին Հաջիևը: Դատավորի հարցին, թե Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի համար ո՞վ է պատասխանատու,-Հեյդար Ալիևը կարճ պատասխանել է՝ նա: Ֆահմին Հաջիևը մեղադրվել է Աղդամում Խոջալուի ազատագրման ռազմագործողությունը ձախողելու մեջ: Խոսքը Խրամորթ-Ասկերան ուղղությամբ հարձակման մասին է, որին զուգահեռ ադրբեջանական զինված խմբավորումները Շուշիից պետք է գրոհեին Ստեփանակերտը: Ինչո՞ւ «ազատագրական ռազմագործողությունը» չի իրականացվել: Որովհետև դա կլիներ Այազ Մութալիբովի հաղթանակը, և իշխանության վերադարձի ճանապարհը Հեյդար Ալիևի առջև ընդմիշտ կփակվեր:










































