Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին.
«Թուրքիան կարող է խզել Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը, եթե Ռուսաստանը զգալիորեն չէժանացնի ածխաջրածինների գինը»։
Նշվում է, որ Թուրքիան տարեկան Ռուսաստանից գնում է 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է նրա սպառած գազի 64 տոկոսը։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է նվազեցնեն Թուրքիային հատկացվող գազի գինը.
«Ռուսական «Գազպրոմ»-ը, փոխանակ նվազեցնի մեզ մատակարարվող գազի գինը, վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել է այն։ Մենք ցանկանում ենք մինչև սեպտեմբերի վերջը ստորագրել Ադրբեջանի հետ նոր գազային համաձայնագիրը»։








































