Եվրամիությունում Հայաստանի պաշտպանական կցորդի կարգավիճակը, որ նախաձեռնում է Երևանը, անշուշտ համարժեք է այն զարգացումներին, որ ծավալվում են Եվրոպայի անվտանգության համակարգի շուրջ: Երևանն այդ համակարգի «ուղեծրում» է, ինչպես Կովկասն ընդհանրապես, հետևաբար թեմայի ուղեծրում լինելը դառնում է անհրաժեշտություն:
Բայց, ինչպես նշել էի նախօրեին անդրադարձում, չափազանց կարևոր է, թե ինչպիսին է լինելու աշխատանքային այդ մեխանիզմի կիրառելիության բովանդակությունն ու որակը: Մեխանիզմը ենթադրելու՞ է Հայաստանի նախաձեռնողականություն՝ եվրոպական անվտանգության թեմայով, թե՞ Հայաստանն ունի լոկ սպառողական նկատառումներ և հետաքրքրություն:
Դա էական հանգամանք է, որովհետև, եթե իրողությունների հանդեպ հայացքը տեղավորվում է լոկ սպառողական տրամաբանության շրջանակում, ապա դրա որևէ հեռանկար Հայաստանի համար չի խոստանում սուբյեկտություն: Անշուշտ, մտածելը, թե Հայաստանը կարող է էական ասելիք ունենալ եվրոպական անվտանգության շուրջ բարդ քննարկումների գործընթացում, կլինի չափազանցություն կամ պատրանք:
Բայց, ասելիք ունենալ Հայաստանը պարտավոր է: Այն կարող է լինել փոքր, համեստ, բայց լինել պարտավոր է, որովհետև խոսքը վերաբերում է մի գործընթացի, որը Հայաստանի անվտանգության միջավայրի հանդեպ ունենալու է անմիջական առնչություն և ազդեցություն: Ասելիքի հարցում, իհարկե, շատ կարևոր է եվրոպական գործընկերների հետ Հայաստանի երկկողմ աշխատանքը: Եվրոպական անվտանգության համակարգի թեման և դրա շուրջ ծավալվող գործընթացները բոլորովին չեն ենթադրելու լոկ ներեվրոպական ձևաչափ: Այդ քննարկումները ուղղակի, թե անուղղակի ընդգրկելու են նաև այլ խաղացողների, բերելով շահերի ու մոտիվների առավել բազմազանության:
Այդ պայմաններում, արդյունավետ աշխատանքի հեռանկար կարող է ապահովել երկկողմ հարաբերությունների շեշտադրումով մոտեցումը: Հասկանալի է, որ խոսքը ԵՄ բոլոր 27 անդամների մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է կարողանա վեր հանել առանցքային կետերը և աշխատել դրանց կրող երկրների հետ, այդ աշխատանքի հիման վրա մշակելով նաև եվրոպական անվտանգության համակարգի հեռանկարի վերաբերյալ Հայաստանի ասելիքի օպտիմալ բովանդակությունը, որը կունենա տարբեր շահերի համադրելիության առավելագույն բարձր աստիճան:










































