Կոսովոյում տեղի ալբանացիների հանցագործությունների գործով թիվ մեկ վկան մահացած է հայտնաբերվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի այգիներից մեկում: Նա Գերմանիայում գտնվում էր այդ երկրի կառավարության պաշտպանության տակ: Այս մասին հաղորդում են սերբական լրատվամիջոցները` հղում անելով գերմանական ոստիկանությանը:
Ագիմ Զոգայը ալբանացիների կողմից Կոսովոյում կատարված հանցագործությունների դատական քննության ժամանակ պետք է ներկայանար որպես վկա: Հիմնական մեղադրյալը հայտնի կոսովցի քաղաքական գործիչ և խորհրդարնի պատգամավոր Ֆաթմիր Լիմայն է: Նախատեսվում է այսօր իրականացնել Զոգայի դիահերձումը և պարզել մահվան պատճառները:
Լիմայը, որը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ, սեպտեմբերի 22-ին Կոսովոյում Եվրամիության առաքելության կողմից նշանակված դատավորի կողմից ենթարկվել է տնային կալանքի: Նախատեսվում է, որ Լիմայի նկատմամբ դատավարությունը սկսվելու է մինչև հոկտեմբերի վերջը: