Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը աշխատանքից հեռացրել է ՌԴ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնին:
Ինչպես հաղորդում է RIA Новости-ն, այս տարի օգոստոս ամսին նվագախմբի երաժիշտները ՌԴ մշակույթի նախարարություն դիմում էին ներակայացրել և խնդրել հեռացնել Գորենշտեյնին` վերջինիս մեղադրելով կոպիտ վերաբերմունքի մեջ: Երաժիշտները նշել էին, որ գլխավոր դիրիժորի պահվածքի պատճառով նվագախմբից հեռացել են 280 երաժիշտներ:
Հիշեցնենք, որ այս տարի հուլիս ամսին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի արդեն նախկին ղեկավար Մարկ Գորենշտեյնի միջև տհաճ միջադեպ էր գրանցվել: Դիմելով նվագախմբի երաժիշտներին, ովքեր համերգի էին պատրաստվում Նարեկ Հախնազարյանի հետ, դիրիժորը նվաստացուցիչ արտահայտություններ էր հղել Նարեկի հասցեին` նշելով. «Թող ձեզ ընդհանրապես չհետաքրքրի, որ այս «տաղանդն» է մեզ հետ նվագում, այս «աուլը», դուք պետք է ի՛նձ հետ նվագեք»: Դեպքից հետո, սակայն, ամբարտավան պահվածքով աչքի ընկած դիրիժորն անձամբ ներողություն էր խնդրել Նարեկից:







































