Սեպտեմբերի 26-ին Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի 4-րդ «Գ» դասարանի մի խումբ ուսուցիչներ բողոքել էին, թե իրենց դասղեկ Գայանե Թանգյանը ստիպողաբար կտրել է թվով 9-ը տղա երեխաների մազերը: Դեպքի մանրամասները «Առաջին լրատվականը» փորձեց պարզել դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանից, որը նշեց, թե Գայանե Թանգյանը դասղեկական պարտականությունները չարաշահելու և գերազանցելու համար հեռացվել է աշխատանքից սեպտեմբերի 27-ին:
«Ուսուցիչը տղաներին բազմիցս զգուշացրել էր, որ կկտրի նրանց երկար մազերը, եթե իրենք դա չանեն, և հիմարաբար ինքն է կտրել տղաների դեմքի մազափունջը»,- մեկնաբանեց Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրենը` հավելելով, որ դասղեկը գերազանցել է իր պարտականությունները: Նա նաև տեղեկացրեց, որ Գայանե Թանգյանը խիստ և կարգապահ ուսուցչուհի է եղել և չի հանդուրժել անպատշաճ պահվածքը, բայց դա չի նշանակում, որ պետք է իր իրավունքները գերագնահատեր` օգտագործելով հին մեթոդներ:
Օ. Պետրոսյանը նաև ասում է, որ այժմ հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից սոցցանցերի միջոցով ուսուցչուհուն դպրոց վերադարձնելու պահանջներ է լսում: «Շատերն ասում են, որ կարելի էր նկատողություն տալ միայն, ցավակցական խոսակցություններ են շրջանառվում»,- նշեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ բան չի հասկանում հայ հասարակությունից և փոփոխվող կարծիքներից: Օֆելյա Պետրոսյանի խոսքով` դպրոցը շատ կարգուկանոնով, կարգապահ է, և այսպիսի դեպք, որը հարվածի տակ կառներ երեխայի ինքնասիրությունը, դեռ չէր եղել դպրոցում: Նա նաև նշեց, որ դեպքը կարելի է բացատրել նրանով, որ դպրոցում ուսուցիչները բախվում են երեխայի դաստիարակությանը, կարգապահությանը:
«Դպրոցների կանոնադրության մեջ գրված է, որ դպրոց պետք է այցելել կոկիկ սանրվածքով, կարգապահ, համազգեստով, այսինքն՝ սպիտակ վերնաշապիկով, մի քիչ աշակերտին վայել»,- նշեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ եթե աշակերտների ծնողներին դուր է գալիս իրենց երեխաների դպրոց ներկայանալու կերպը, ապա իրենք նույնպես համաձայն են: Բայց դպրոցի տնօրենը ցավով նշեց, որ դեպքը բուռն հանրային քննարկում ստացավ և, նրա խոսքով, սա ավելի մեծ արձագանք ու show դարձավ, քան ավազակախմբի վնասազերծումը:









































