Հոկտեմբերի 8-ին Արենի գյուղում տեղի կունենա Գինու ամենամյա փառատոն: 2004 թվականից փառատոնն անցկացվել է ընդհատումներով, վերջին երեք տարում, սակայն, անցկացվում է առանց ընդհատումների: Երրորդ տարին անընդմեջ փառատոնին աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Առաջիկա փառատոնին կմասնակցի վարչապետը, մշակույթի նախարարը, օտարերկրյա դասպանատների աշխատակիցներ ու քաղաքական գործիչներ: Կներկայացվեն նաև հայկական ազգային ճաշատեսակներ, գինու պատրաստման եղանակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը:
Համառոտ ներկայացնելով ծրագիրը՝ փառատոնի հիմնադիր Նունե Մանուկյանն իր հերթին հավելեց, որ այս տարի պետական զգալի աջակցություն է ցուցաբերվել: Առաջին անգամ գյուղացիներն իրենց տները կտրամադրեն՝ որպես հանգստյան գոտիներ: Մշակութային մասը կտարածվի գյուղով մեկ: Նա տեղեկացրեց, որ կլինի երեք մրցույթ ` «Հայաստանը ձեր աչքերով» մրցույթ, «Լավագույն գինու պիտակի մրցույթ», «Ոսկե տակառիկ-2011» լավագույն գինու մրցույթ՝ գինի արտադրողների միջև:
Գինու փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայում գինու փառատոնի կազմակերպիչներ, որոնք իրենց փորձը կհաղորդեն այստեղի կազմակերպիչներին: Պատրաստվում է նաև փառատոնի ինտերնետային կայքը:
Կազմակերպչիների խոսքով` Արենի գյուղի 540 տնտեսություններից 80-ը կմասնակցեն փառատոնին՝ իրենց տաղավարներով, գինիներով:
Փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 5000 մարդու ներկայություն: Ն. Մանուկյանը տեղեկացրեց, որ հատուկ Գինու փառատոնին մասնակցելու համար զբոսաշրջիկներ կժամանեն Ռուսաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից կգան ութ տուրօպերատորներ: Կմասնակցեն նաև մարզի ութ գինեգործական ընկերություններ, գինեգործներ՝ ԼՂՀ-ից ու Հայաստանի տարբեր շրջաններից: Ցանկացողները պետք է ձեռք բերեն 2500 դրամ արժողությամբ տոմսեր՝ Երևանից Արենի մեկնելու համար:
Փառատոնի անցկացման համար պետությունը տրամադրել է երեք միլիոն դրամ:
«Մասնակիցներն իրենք կընտրեն լավագույն տնական գինին: Կարծում ենք՝ սոված ու չխմած մարդ չի լինի»,- ասաց Մանուկյանը:











































