Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում իր ելույթում անդրադարձել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներին.
«Մենք լրջորեն մտադիր ենք անել անհրաժեշտ ամեն բան՝ թույլ չտալու համար, որ Կովկասում կրկնվի այն ուժային սցենարը, որը տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին։ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև ուժի կիրառման անընդունելիության վերաբերյալ պայմանավորվածությունների երաշխավորի դերում՝ հաշվի առնելով ավելի վաղ այդ երեք երկրների ղեկավարների հնչեցրած պաշտոնական հայտարարությունները։
Ռուսաստանը կողջուներ, եթե նմանատիպ պարտավորություններ ստանձնեին ԱՄՆ-ը ու ԵՄ-ը։ Որպես երաշխավոր՝ մենք պատրաստ կլինենք միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում բռնության չվերսկսվելու համար, իսկ կողմերից յուրաքանչյուրի կողմից ուժի կիրառման դեպքում հասնել իրավիճակի շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի գործող նորմերին համապատասխան»։






































