ԱՄՆ-ը Աֆղանստանից հրթիռակոծել է Պակիստանի տարածքում գտնվող թալիբների հնարավոր հենակետերը, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 3 մարդ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, հղում անելով պակիստանյան հետախուզական ծառայությունների տարածած հայտարարությանը, երկու ռումբ ընկել է Պակիստանի Վանա քաղաքի վրա: Զոհերի ինքնությունը պարզվում է:
Հիշեցնենք, որ Պակիստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են: ԱՄՆ բանակի բարձրաստիճան զինվորականներից մեկը մեղադրել էր Պակիստանի իշխանություններին «Հաքքանի» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ, ինչին ի պատասխան՝ Պակիստանի արտգործնախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է կորցնել իր դաշնակցին, եթե շարունակի նման անհիմն մեղադրանքներ հնչեցնել:






































