The New-York Times-ն անդրադարձել է Սիրիայի քրիստոնյաների խնդիրներին` կապված վերջին շրջանում արաբական այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պարբերականը, մեջբերելով սիրիացի մի քանի քրիստոնյաների խոսքերը, գրում է, որ նրանք մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, քանի որ վախենում են քաղաքացիական հնարավոր պատերազմից, ինչը, ըստ նրանց, կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ իրենց համար:
Որոշ քրիստոնյաներ մասնակցում են հակակառավարական ցույցերին և դեմ են ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը, սակայն Սիրիայի քրիստոնյաների մեծ մասը, որպես կանոն, վախենում է իշխանության փոփոխությունից:
Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ալ-Ասադն ալաուի է` շիա մուսուլման, իսկ քրիստոնյաները երկար տարիներ աջակցել են ներկայիս վարչակարգին` սկսած Ասադի հոր նախագահության ժամանակներից: Եթե Սիրիայում իշխանությունն անցնի մեծամասնություն կազմող սուննիներին, ապա նրանք կարող են քրիստոնյաներին մեղադրել տասնամյակներ շարունակ ալաուիական իշխանությանը սատարելու մեջ, հետևաբար ցանկացած փոփոխություն իշխանական համակարգում կարող է ծանր հետևանքներ ունենալ իրենց համար:







































