Թուրքիայի և Իսրայելի միջև այս ծանր փուլում ԱՄՆ-ը հանդես է եկել խաղաղության նոր նախաձեռնությամբ: Ինչպես սեպտեմբերի 27-ին գրել է իսրայելական «Եդինոթ Ախրոնոտ» թերթը, ամերիկյան ծրագիրը նախատեսում է, որ Բենյամին Նեթանյահուի փոխարեն, որը հրաժարվում է ներողություն խնդրել Թուրքիայից Գազայի շրջափակումը ճեղքել փորձած թուրքական Mavi Marmara նավի վրա իսրայելցի սահմանապահների կողմից իրականացված հարձակման համար, այդ պարտականությունն իր վրա կվերցնի երկրի նախագահ Շիմոն Պերեսը:
Համաշխարհային դիվանագիտության մեջ մեծ ժողովրդականություն վայելող Պերեսը պետք է զանգի Թուրքիայի վարչապետին, որի ժամանակ երկու երկրներն իրենց «մեղքերի» համար ներողություն կխնդրեն: Սակայն Թուրքիան չի ցանկանում միայն ներողությամբ սահմանափակվել: Թուրքիայի իշխանությունները պահանջում են, որպեսզի իսրայելական պետությունը փոխհատուցում տրամադրի զոհվածների ընտանիքներին: Չնայած իսրայելական կառավարության հիմնական մասը հավանություն տվել է այս ծրագրին, թուրքերը դեռ համառում են: Ամերիկացիները նշում են, որ այդուհանդերձ առաջընթաց նկատվում է, և Թուրքիան, համենայնդեպս, պատրաստ է այդ ուղղությամբ բանակցությունները շարունակել:









































