Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան լրագրողներին հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանազատման գործընթացը դեռ չի մեկնարկել.
«Սահմանի արդեն համաձայնեցված հատվածներին չի ավելացել ոչ մի կիլոմետր։ Ինչպես հայտնի է՝ մեզ մնացել է համաձայնեցնել 450 կիլոմետրանոց սահմանի 160 կիլոմետրանոց հատվածը։ Տարբեր հաշվարկներով դա կազմում է 9-11 հատված, որը շարունակում է քննարկման առարկա մնալ։
Երկու երկրներն էլ ստեղծել են սահմանագծման հանձնաժողովներ, և վրացական կողմն ինտենսիվ շփումների մեջ է իր ադրբեջանցի գործընկերների հետ։ Երկխոսությունը շարունակվում է՝ թեև ոչ այնքան ինտենսիվ, որքան ցանկալի կլիներ։ Սակայն մենք գտնվում ենք առողջ աշխատանքային գործընթացում և հուսով ենք, որ աստիճանաբար այդ դինամիզմն ու մեր տրամադրվածությունը կարտացոլվեն ռեալ թվերի մեջ»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, թե վրաց-ադրբեջանական սահմանի 2/3-ն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած 1/3-ի սահմաններից մեծամասնության հարցում կողմերի մոտեցումները համընկնում են:
Իսկ դրանից առաջ էլ վրացական լրատվամիջոցները նշել էին, թե վրաց-ադրբեջանական սահմանին կատարվել է 69 տարածքային ուղղում, որոնցից 42-ը եղել էին ի վնաս Վրաստանի, իսկ 27-ը` ի վնաս Ադրբեջանի: Արդյունքում, Վրաստանի տարածքային կորուստները կազմել էին մոտ 293 հեկտար:










































