Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց է կատարել Ղազախստան: Մամուլը փոխանցում է, որ Աստանայի օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, տեղում կազմակերպվել է «էքսպրոմտ» նկարչուհի Ասել Սաբիրժանկըզին նախագահներին առաջարկել է, որ «ավարտին հասցնեն» իր «Բարեկամության կամուրջ» անվանված կտավը, Պուտինը և Տոկաևը «վերջին խորհրդանշական շտրիխներն են արել»:
Նման ձևականությունները, հավանաբար, վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների ոչ այնքան բարվոք վիճակի մասին: Այդ տպավորությունն ավելի է ամրապնդում «Իզվեստիայում» Ղազախստանի նախագահի հեղինակային հոդվածը, որի միակ էական ընդգծումն այն է, որ Աստանան երեք ջերմաէլեկտրակայան կառուցելու և մեկ ՊՇԷԿ արդիականացնելու ծրագիրը «հանձնել է» Ռուսաստանին:
Տոկաևի հոդվածում ոչինչ չի ասվում ղազախական ատոմային էլեկտրակայանի կառուցմանն Ռուսաստանի ներգրավվածության մասին, ինչից հասկացվում է, որ Պուտինի հետ բանակցությունների օրակարգում այն ներառնված չի եղել: Իսկ ահա կրթա-մշակութային համագործակցության բնագավառում կոնկրետ արդյունքներ արձանագրվել են. Աստանայում կգործի Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի մասնաճյուղ, իսկ Ղազախստանի ալ-Ֆարադիի անվան համալսարանը բաժանմունք կունենա Օմսկում:
Պուտինի Աստանա այցի նախօրեին ղազախստանյան tengrinesws-ը տեղեկություն է տարածել, որ Ղազախստանը մտադիր է եկող տարի Բաքու-Ջեյհան խողովակաշարով նավթի արտահանման ծավալը հասցնել 20 միլիոն տոննայի: Ընդ որում՝ Ղազախստանը ներկայումս այդ ուղղությամբ տարեկան արտահանում է ընդամենը մեկուկես միլիոն տոննա նավթ: Նման հավակնոտ ծրագրի հրապարակայնացումը վկայում է, որ Աստանան էներգակիրների արտահանման դիվերսիֆիկացիայի հնարավորություններ է փնտրում, որպեսզի հաղթահարի Ռուսաստանից կախվածությունը:
Ռուսաստանի նախագահը Ղազախստան պետական այցը համատեղել է ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, որի օրակարգի մասին նախօրոք խոսել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թասմագամբեկովը: Եվրասիական ընդհանու-անբաժանելի անվտանգային համակարգի թեման հրապարակային քննարկման առարկա չէ: Փոխարենը ՀԱՊԿ երկրները կքննարկեն Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանի ընդհանուր պահպանության հարցը:
Ըստ էության, խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի սահման ձևավորելու նախագծին, որ, իհարկե, եվրասիական անվտանգային միասնական-անբաժանելի համակարգի մի շատ սկզբունքային բաղադրիչն է: Խնդիրն այն է, թե Տաջիկստանը կհամաձայնի՞, որ Աֆղանստանի հետ իր սահմանն անցնի ՀԱՊԿ-ի լիակատար հսկողությանը:
Կենտրոնական Ասիայի երկրներից Աֆղանստանի հետ սահման ունեն նաև Ուզբեկստանը և Թուրքմենստանը, բայց նրանք ՀԱՊԿ անդամ չեն: Ստացվում է, որ եթե Աֆղանստանից Կենտրոնական Ասիա անկայունության «տրանզիտի» վտանգ կա, ապա տաջիկա-աֆղանական սահմանի փակումը խնդիր չի լուծում. տարածաշրջանի «պայթեցմամբ» շահագրգիռ ուժերը դա կարող են անել Ուզբեկստանի կամ Թուրքմենստանի միջոցով:
Այս առումով ուշագրավ է Թասմագամբեկովի դիտարկումը, որ ՀԱՊԿ-ը չի քննարկի Ռուսաստանին ամերիկյան ATACMS հրթիռներով հարվածելու հետ կապված իրավիճակը: Այսինքն՝ Մոսկվան մտադիր չէ դաշնակից երկրների առաջնորդներին ներկայացնել Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրացումը և ճգնաժամի հաղթահարման հեռանկարները: Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ Ղազախստանի նախագահն «Իզվեստիայի» հոդվածում ևս մեկ անգամ շեշտել է պետությունների ինքնիշխանության հարգման գերակայությունը:
Ի՞նչ սկզբունքով է ՀԱՊԿ-ը պաշտպանելու Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանը՝ կախված կլինի Դուշանբեի դիրքորոշումից: Տաջիկստանի նախագահ Ռահմոնը հետխորհրդային տարածքի «ծանրքաշային» քաղաքական դեմքերից է, Կենտրոնական Ասիայի «վերջին մոհիկանը» և, ի տարբերություն հարեւան Ուզբեկստանի, Քաբուլի «Թալիբան» իշխանությունը չի ճանաչում: Ռուսաստանի պետական դուման նախապատրաստվում է «Թալիբան» շարժումը լեգիտիմացնող օրինագիծ քննարկել: Աֆղանստանի հետ հարաբերությունների պահպանումը և հնարավոր զարգացումը Մոսկվայի համար աշխարհաքաղաքական ռեսուրս է, որ նա ձեռքից տալ չի կարող:
Բայց Ռուսաստանն ինչպե՞ս է իր շահերը համադրելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որոնցից երկուսը ՀԱՊԿ անդամ չեն՝ Ուզբեկստանը և Թուրքմենստանը: Վլադիմիր Պուտինին կհաջողվի՞ հավասարակշռել, մանավանդ, Աստանայի ևՏաշքենդի հետ «դաշնակցային հարաբերությունները»: Կենտրոնական Ասիան «ներկալելու» մոսկովյան ծրագրին որքանո՞վ է օժանդակում կամ ինչպե՞ս կարող է խոչընդոտել Բաքուն:










































