Վաղ առավոտյան Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանի մոտ DHL-ի բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Boeing 737-ը, որը DHL բեռնափոխադրումների և առաքումների միջազգային ընկերության համար շահագործում էր իսպանական Swiftair բեռնատար ավիաընկերությունը, վթարի է ենթարկվել տան մոտ, վայրէջքը սկսելու ժամանակ։
Տունը թեթև վնասվել է, դրա մոտ գտնվող ենթակառուցվածքը՝ բռնկվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր 12 մարդիկ ապահով կերպով տարհանվել են տնից:
Զոհվել է անձնակազմի 4 անդամներից մեկը։
Ինքնաթիռը վերելք էր կատարել Լայպցիգի օդանավակայանից և կործանվել դրանից 1,5 ժամ անց։ Ավիավթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ Լիտվայի իշխանությունները հետաքննություն են սկսել։








































