Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Նոել Բարոնի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ հարաբերությանը և ռեգիոնին վերաբերող հարցեր: Այս հեռախոսազրույցն արժե թերևս բացի հայ-ֆրանսիական երկկողմ համատեքստից, դիտարկել նաև նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարի և նրա իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հեռախոսազրույցի ֆոնին:
Միրզոյանն Արաղչիի հետ խոսել էր երկկողմ հարցերի, համատեղ ծրագրված միջոցառումների և ռեգիոնալ հարցերի մասին: Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի ԱԳՆ նախարարի հետ Միրզոյանի հեռախոսազրույցը արդյո՞ք ուղիղ կապված է Իրանի նախարարի հետ շփման հանգամանքով: Դա, իհարկե, միարժեք ասելը դժվար է, սակայն կասկածից վեր է, որ ռեգիոնալ հարցերում Ֆրանսիան ու Իրանն ունեն զգալի ընդհանուր օրակարգեր ու հետաքրքրություն, իսկ Հայաստանն այդ առումով երկուստեք կապող օղակի կարևոր հնարավորություն և պատեհություն:
Հարցն առավել արդիական է դառնում այն պայմաններում, երբ ԱՄՆ ունի նոր վարչակազմ, ինչն անխուսափելիորեն նշանակելու է քաղաքական մարտավարության վերանայումներ, իսկ դրանից զատ, մինչ վարչակազմը կմտնի այսպես ասած համակարգային պրոցեսի մեջ, կառաջանա նաև որոշակի «անօդ տարածություն»: Ֆրանսիայի և Իրանի ընդհանուր հետաքրքրության կոմունիկացումն այդ իմաստով Հայաստանին կտա անվտանգային միջավայրի կառավարման լրացուցիչ հնարավորություն:
Այստեղ, իհարկե, խնդիրը լոկ այդ հնարավորությունը չէ, քանի որ բացի կարճաժամկետ-օպերատիվ տրամաբանությամբ աշխատանքից, Հայաստանը, անշուշտ, Ֆրանսիայի և Իրանի մոտեցումների ռեգիոնալ ընդհանրությունները չպետք է փորձի ենթարկել առավել երկարաժամկետ կապիտալիզացիայի, մասնավորապես տնտեսական ներդրումային դրսևորումներով, որոնք կբարձրացնեն Հայաստանի, մասնավորապես Սյունիքի տնտեսական պոտենցիալը:








































