Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ` այն անվանելով «զառանցանք», իսկ ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայում` «հրեշավոր հանցագործություն»,- հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մասին Կաստրոն գրել է Cubadebates.cu կայքի իր սյունակում: Սա առաջին հոդվածն է վերջին երեք ամիսների ընթացքում: Նա Օբամային նաև մեղադրել է Իրաքում և Աֆղանստանում իրավիճակը խեղաթյուրված ներկայացնելու մեջ` հավելելով, որ արաբական երկրներում հեղափոխությունների պատճառը ԱՄՆ քաղքականությունն է, որ վարվում է տարածաշրջանում:
«Չնայած լրատվամիջոցների կողմից հաստատված ամոթալի մենաշնորհին և ԱՄՆ ու նրա դաշնակիցների` միջազգային հանրության կարծիքը փոխելու և խառնելու ֆաշիստական մեթոդներին, բնակչության դիմադրությունն աճում է, և խաբել անհնար է… Ո՞վ է հասկանում Գլխավոր ասամբլեայի առաջ ԱՄՆ նախագահի ներկայացրած զառանցանքը»,- ասել է Կաստրոն:








































