Այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Թեման երկխոսությունը դադարեցնելու վերաբերյալ ընդդիմության հայտարարություններն էին: Գ. Հարությունյանի խոսքով` մեր երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, ու պետք է վերացվեն պատճառները. «Նորմալ, արդար ընտրություններն են պետք, ու պահանջում ենք համապետական ընտրություններ: Երկխոսությունը դադարեցրին իշխանությունները»:
Բոստանջյանն էլ ասաց, որ ակնհայտ է երկխոսության դադարեցումն ընդդիմության կողմից, իշխանությունները որևէ քայլ չեն կատարել այն առկախելու համար: «Եթե տրամադրված լինեին, չէին սկսի: Էմոցիոնալ երիտասարդների արարքն ընդդիմությունը որակում է «քաղաքական գործիչներ»»: Դրան էլ հակաճառեց Գ. Հարությունյանը` ասելով, թե նրանք քաղբանտարկյալներ չեն: Գ. Բոստանջյանի խոսքով` իր համար անհասկանալի է երկխոսության առկախումը, քանի որ այն արդյունավետ էր ընթանում, ու սկսել էին իրար լավ հասկանալ. «Զարմանք առաջացրեց մեր մոտ դրա առկախումը»: Գ. Հարությունյանն էլ հակաճառեց` չհամաձայնելով, թե ընդդիմության` երկխոսությունը առկախելու փաստը բոլորովին էլ զարմանալի չէ: «Մենք ասում էինք` թողեք այդ մարդկանց: Տիգրան Առաքելյանը քաշի պատճառով բանակ չի զորակոչվել, ինչպես կարող է մարդ ծեծել»,- ասաց նա` նշելով, թե դա առիթ էր, որ ՀԱԿ-ը չգնա երկխոսության:
Գ. Հարությունյան խոսքով` իշխանությունն ամեն ինչ արեց` երկխոսությունն առկախելու համար: Բոստանջյանն էլ հավելեց, որ խոշոր հարցերի լուծման կտրվածքում ինքը «չի կիզակետվի այդ հարցի վրա»: Քաղաքական էթիկայի տեսակետից` որևէ մեկը չի կարող պահանջներ ներկայացնել մյուսին, այդպիսի բան գոյություն չունի: Կարո՞ղ եք գրոհով իրականացնել` իրականացրեք: Ասում են` տվեք մեզ իշխանություն, կարո՞ղ եք` վերցրեք»,- հավելեց Բոստանջյանը:
Նրա կարծիքով` ընդդիմությունն ուզում է մարդկանց ապակողմնորոշել: Երկխոսության առկախումը, ըստ նրա, չի կարող ոչինչ փոխել մեր կյանքում, քանի որ իշխանությունն էլ գիտի, որ կան խնդիրներ ու դրանք պետք է լուծի` անկախ ընդդիմությունից:
Գ. Հարությունյանն էլ հակաճառեց, թե իրենց երբեք չեն ասել` տվեք մեզ իշխանություն: «Մենք միայն ասել ենք, որ իշխանությունը տվեք ժողովրդին, որ նա ձևավորի իշխանությունը»,- նկատեց նա` ընդգծելով, թե ցանկացած ուժի դեմ էլ խաղ կա: «Սա երկիրը տանում է կործանման»,- ասաց Հարությունյանը:











































