Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարավ-արևելյան հատվածում ընկած Սիիրթ (Սղերթ) նահանգի Փերվարի շրջանում հարձակվել են պարեկություն կատարող ժանդարմերիայի զինծառայողների վրա։
Երկու ավտոմեքենաներով ժամանած քուրդ զինյալները երկարափող զենքերով գնդակոծել են ժանդարմերիայի զինծառայողներին՝ սպանելով նրանցից 6-ին և վիրավորելով 11-ին։
Նշվում է, որ բախման արդյունքում զոհվել է նաև 3 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին (հիմնադիր Աբդուլլահ Օջալան), Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին։
Ի դեպ, այս տարվա օգոստոսին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա արժեցել է 1 տրիլիոն դոլար։










































