Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որի միջոցով կկանխվեն հավանական բախումները:
Ահմադինեժադը անմիջապես այդ հայտարարությունից հետո հավելել է. «Իհարկե, որևէ բախման անհրաժեշտություն էլ չկա»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ԱՄՆ զինված ուժերի ընդհանուր շտաբի հրամանատար Մայք Մուլենը օրեր առաջ մտահոգություն էր հայտնել Իրանի ու ԱՄՆ-ի կառավարությունների միջև հարաբերությունների բացակայության առնչությամբ և այդ իրավիճակը վտանգավոր որակել տարածաշրջանի անվտանգության համար:
Նյու Յորքում գտնվող Իրանի նախագահը մամուլի ասուլիսի ընթացքում նաև նշել է, որ Պարսից ծոցում հավանական բախումների լավագույն կանխարգելիչն այն է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը հեռանան տարածաշրջանից, որ Իրանն ու տարածաշրջանի երկիրները հնարավորություն ունենան ապահովել էներգիայի հոսքի անվտանգությունը:









































