Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվել են ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու 2024-26 թվականների անելիքը: Խիստ հատկանշական կամ խորհրդանշական է, որ այդ խորհրդակցությունը տեղի է ունեցել այն օրը, երբ Երևանում մեկնարկել է այսպես ասած «տրանսպորտային բարեփոխումների» մի նոր փուլ, երբ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի քաղաքացիները քաղաքային տրանսպորտից օգտվելու հարցում դրվել են շատ սահմանափակ կամ-կամ-ի առաջ՝ կամ միայն, բացառապես 100 դրամանոց, կամ տեխնոլոգիական ընկերություններից մեկի հավելված:
Մի կողմ թողնենք այն, որ ինքնին այդ մոդելի և սպասարկող ընկերության ընտրությունը, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Այժմ անդրադառնանք զուտ այսպես ասած բարեփոխման որակին: Քաղաքացիները, կանգնելով այդ փաստի առաջ, զանգվածաբար նախընտրել են մետրոն: Իսկ այստեղ էլ առաջացել է գերծանրաբեռնվածություն, այսպես ասած՝ «մետրոկալիպսիս»: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է մետրոպոլիտենի արձագանքը, որով 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանի քաղաքացիներին փորձել են «դաս» տալ, թե նույնիսկ զարգացած Ճապոնիայում են լինում մարդկային հսկա կուտակումներ մետրոյում: Նշենք, որ խոսքը 125 միլիոն բնակչություն ունեցող երկրի մասին է, որի մայրաքաղաք Տոկիոն, օրինակ, ունի գրեթե 38 միլիոն բնակչություն:
Փաստացի, երևանցիները բախվում են մեղմ ասած անորակ, «հում» ռեֆորմի ստեղծած հերթական անհարմարություններին, այն պարագայում, երբ ռեֆորմի ամբողջ իմաստը քաղաքացիներին հարմարավետ, որակյալ ծառայությունների մատուցումն է, լինի դա համայնքային, թե համապետական մասշտաբով: Ինչո՞ւ է հատկանշական՝ տրանսպորտային կոլապսի հերթական դրվագն ու այդ օրը ոստիկանության բարեփոխման թեմայով խորհրդակցությունը կառավարությունում: Որովհետև, ըստ էության, նույն վիճակն է նաև ոստիկանության բարեփոխման առումով:
Ոստիկանությունը Հայաստանում իբրև թե ենթարկվում է ռեֆորմացիայի, բայց Հայաստանում աճում են հանցագործությունները, առավել նկատելի է դառնում քրեածին վիճակի վատթարացումը, զուգահեռ քրեական ենթամշակույթի առաջընթացը, թեև Հայաստանում նույն ռեֆորմիստական տրամաբանության մեջ ընդունվեց օրենք, որն իբրև թե պետք է ապահովեր քրեական ենթամշակույթի մարգինալացում և չեզոքացում: Հայաստանում ձևավորվել է պարեկային ծառայություն, որի ստորաբաժանումներն ավելի շուտ մոտենում են ոչ թե ոստիկանության նոր չափանիշների, այլ մինչ այդ գոյություն ունեցած «ստանդարտներին» ու «մշակույթին»: Ավելին՝ ռեֆորմացված այդ ծառայության աշխատակիցներն իրենք են աչքի ընկնում քրեական վարքով, բարքերով, միաժամանակ նաև բավականին ցածր թե՛ իրավական, թե՛ ընդհանրապես գրագիտությամբ:
Ռեֆորմը ստորաբաժանումների վերակազմակերպումն ու նոր անվանումները չեն, օրինակ` ներքին զորքերը անվանել ազգային գվարդիա: Ռեֆորմը մեքենաների մակնիշի և տարեթվերի թարմացումը չէ, կամ համազգեստների համապատասխանեցումը ռեֆորմի դոնոր երկրների կամ կազմակերպությունների պատկերացումներին: Ռեֆորմը նախ և առաջ համակարգային աշխատանքի բովանդակության և այսպես ասած պրոցեդուրային բարելավումն է, որը թույլ կտա քաղաքացիներին ունենալ հարմարավետություն, այլ ոչ թե ըմբռնումով մոտենալ խնդիրներին: Այդ տեսանկյունից, 2018 թվականից ի վեր Հայաստանում պարբերաբար խոսելով ռեֆորմացիայի մասին, գործնական, բովանդակային առումով չի իրականացել եւ որեւէ համակարգային ռեֆորմ՝ թեկուզ հատվածական դրվագով, որը քաղաքացիների համար համոզիչ կերպով ի ցույց կդներ երկու բան, նախ կառավարող ուժի՝ ռեֆորմ մշակելու և իրականացնելու կոմպետենտությունը, և երկրորդ՝ պետական արդիականացման վերաբերյալ խոսակցությունների գործնականությունը: Առայժմ հանրությունն իր «մաշկի վրա զգում» է միայն հակառակը:









































