ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովում կազմակերպության ընդլայնման հարց չքննարկվեց: Իրազեկ աղբյուրները վստահաբար ասում են, որ հարցը փակվել է ամիսներ առաջ, երբ Մոսկվա այցի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Մոդին առարկել է Թուրքիայի անդամությանը։
Ռուսաստանը, երևում է, մինչև վերջին պահ փորձել է Թուրքիայի օգտին լոբբինգ անել: Այդ մասին անուղղակի վկայում է տեղեկատվությունը, որ Հնդկաստանի վարչապետը միայն հոկտեմբերի 18-ին է վերջնականապես հաստատել Կազան ժամանելու համաձայնությունը։
Թուրքիայի հարցին՝ այսպես, թե այնպես, միջանկյալ լուծում գտնվել է. Ռուսաստանի նախաձեռնությամբ ձևակերպվել է ԲՐԻԿՍ-ի «գործընկեր երկրի կարգավիճակ» հասկացություն: Բայց որքան էլ արտառոց չլինի, նույն կարգավիճակ ստացել է նաև Ղազախստանը, որ ավելի վաղ պաշտոնապես հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն չունի:
Ի տարբերություն Աստանայի՝ Բաքուն դեռևս օգոստոսին է ԱԳՆ մակարդակով ծանուցել, որ ԲՐԻԿՍ-ի անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել: Արդյունքում Ադրբեջանը չի ստացել անգամ գործընկեր երկրի կարգավիճակ:
Ադրբեջանցի փորձագետ Գասիմլին համարում է, որ եթե Հնդկաստանը հակամարտության մեջ է Պակիստանի հետ, այդ պատճառով էլ արգելափակել է ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցությունը, ապա Հարավային Կովկասում Նյու-Դելին մրցակցում է Չինաստանի և Թուրքիայի հետ, որոնք Ադրբեջանի գործակիցներ և ռազմավարական դաշնակիցներ են:
Ենթատեքստից հասկացվում է, որ Հնդկաստանը «դեմ է եղել, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ ստանա»: Կազանում Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը «հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցության հանգուցակետն է և արդեն իսկ իր ավանդն է բերում տնտեսական, առևտրային և կոմունիկացիոն ինտեգրացիային»:
Միլլի մեջլիսի պատգամավոր Միրզազադեն, պատասխանելով հարցին, թե Կազանում ինչո՞ւ Ադրբեջանին ԲՐԻԿՍ-ի անդամ չընդունեցին կամ գործընկեր երկրի կարգավիճակ չշնորհեցին, ասել է, որ աշխարհաքաղաքական տուբուլենտության ներկա վիճակում ցանկալի չէ միանշանակ որոշում ընդունել։
Բայց պատգամավորը, ամենայն հավանականությամբ, փորձել է տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ Իլհամ Ալիևն է որոշում՝ մոռանալով, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցության պաշտոնական հայտը հենց Ալիևի նախաձեռնությունն է, որ, անշուշտ, համաձայնեցված էր ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Կազանից Ալիևը դժգոհ է: Հակառակ պարագայում իշխանական մամուլը ԲՐԻԿՍ-ը չէր անվանի թեթևամիտ կառույց, որտեղ ոչինչ չի որոշվում: Բայց մամուլի հրապարակումը կարելի է վերագրել «խոսքի ազատությանը» կամ «լրագրողի ինքնագործունեությանը»: Իսկ ահա Կազանի բանակցություններից ընդամենը չորս օր անց Պակիստանի Միացյալ շտաբների կոմիտեի նախագահ Սահիր Շամշադ Միրզայի Բաքու այցը և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունելությունը բացահայտ քաղաքական քայլ է:
Ընդ որում՝ դա տեղի է ունենում այն տեղեկատվության ֆոնին, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին Բաքվի COP 29-ին չի մասնակցի, ուստի և չի կայանա և Պակիստանի վարչապետ Շարիֆի հանդիպումը, որ կարող էր Ջամու-Քաշմիրի շուրջ երկու երկրների միջև ծայրահեղ սուր լարվածությունը «լիցքաթափելու» հնարավորություն ստեղծել: Ստեղծված իրավիճակում, իհարկե, Հայաստանի համար թուրք-հնդկական հարաբերությունների լարվածությունը ոչ մի դրական նշանակություն չունի, բայց միտումներն անտեսել չի կարելի: Պակիստանը դեռևս Հայաստանը որպես անկախ պետություն չի ճանաչել:







































