Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աշֆաք Կայանին զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարության մասնակցությամբ արտակարգ հանդիպում է հրավիրել: Ինչպես նշում է Reuters-ը, հանդիպման նպատակը վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարության առնչությամբ քննարկում անցկացնելն է:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և Պակիստանի հարաբերություններում լարվածություն էր նկատվում: ԱՄՆ բանակի գեներալներից մեկը հայտարարել էր, որ Պակիստանի իշխանությունները համագործակցում են «Հաքքանի» ահաբեկչական կազմակերպության հետ, ինչին ի պատասխան՝ Պակիստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը շարունակի նման անհիմն մեղադրանքները, ապա կկորցնի իր դաշնակից Պակիստանի աջակցությունը:
Հարաբերությունների հետագա լարվածությունը կանխելու նպատակով երեկ Պակիստան է ժամանել ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ջեյմս Մաթիսը:









































