Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը ձեռնարկել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Այլևս երբեք» (Never Again) խորագիրը կրող համերգաշար, որի առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Գիբսոն» ամֆիթատրոնում: Դրանից հետո համերգաշարի մյուս համերգները կանցկացվեն տարբեր երկրներում`տվյալ երկրների աստղերի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ցեղասպանության ճանաչմանը միտված՝ Never Again խորագիրը կրող համերգաշարի բեմադրական-ստեղծագործական մասի պատասխանատու Ժիրայր Դադասյանը:
Վերջինս, չցանկանալով բացել փակագծերը, տեղեկացրեց, որ այս պահին հստակ կարող է ասել, որ համերգին կմասնակցեն Սթիվի Ուանդերն ու մի քանի հոլիվուդյան աստղեր, իսկ հայկական կողմից`Ֆլորա Մարտիրոսյանն ու Արտո Թունջբոյաջյանը:
Նրա խոսքով` որոշ լրատվամիջոցներ արդեն սխալ են մեկնաբանել Ֆ. Մարտիրոսյանի ու իր ասածները, թե նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին կմասնակցեն նաև եվրոպական աստղեր: «Լրատվությունն այն տեսակ գնաց, որ մենք նույնիսկ ապշել էինք: Գրել էին, թե եվրոպացի աստղերը բոլորը միասին կմասնակցեն այս համերգին: Ընդամենը ասել էինք, որ բանակցություններ են տարվում Մոնսերատ Կաբալիեի և Փիթեր Գաբրիելի հետ, սակայն կա միայն նախնական պայմանավորվածություն»,- ասաց Ժ. Դադասյանը` հավելելով, որ դեռ շատ ժամանակ կա մինչև մայիս:
Համերգաշարի հաջորդ համերգը տեղի կունենա 2012 թ. մայիսին Փարիզում: «Այլևս երբեք» համերգաշարը կտևի մինչև 2015 թվականը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ամփոփիչ, խոշոր համերգը դրսի բոլոր աստղերի հետ միասին կանցկացվի Երևանում:
«Համերգն, անշուշտ, կկրի նաև բարեգործական բնույթ»,- հավելեց Ժ. Դադասյանը:








































