Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար, Միլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Ալի Ահմեդովը, մեկնաբանելով թուրք-իսրայելական հարաբերություններում տիրող լարվածությունը, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հայտնվի երկընտրանքի առջև, ապա կընտրի Թուրքիան, ոչ թե Իսրայելը.
«Ադրբեջանը չի ցանկանում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացում, քանի որ լավ կապեր ունի երկու երկրների հետ։ Ադրբեջանը կողմ է, որ թուրք-իսրայելական խնդիրը դուրս չգա դիվանագիտական շրջանակներից։ Ադրբեջանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի ու Իսրայելի միջև»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն ադրբեջանական կողմից պահանջել էր թուրք-իսրայելական ճգնաժամի ժամանակ Իսրայելի հետ հարաբերությունների վերանայում՝ հիշեցնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը և ընդգծելով, որ Ադրբեջանի պատճառով հայ-թուրքական սահմանը փակ է արդեն 18 տարի։







































