Իսրայելի բանակում տագնապ է հայտարարվել, բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստության, քանի որ հետախուզության տվյալներով՝ «Համասը» Եգիպտոսի հետ սահմանի մոտ ահաբեկչություններ է պատրաստվում իրականացնել:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, «Համասն» այս քայլով փորձում է տապալել Պաղեստինի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ում տեղի ունեցող ակտիվ քննարկումները:
Ավելի վաղ «Համասը» Մահմուդ Աբբասի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անվանել էր «սենտիմենտալ և անիմաստ»:
Միաժամանակ՝ Արևմտյան ափին պաղեստինցիներն ուղիղ եթերում հետևել են Աբբասի ելույթին և նույնիսկ համերգ են կազմակերպել Ռամալլահի հրապարակում:
Հիշեցնենք, որ Մահմուդ Աբբասն այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Պաղեստինի անկախության ճանաչման և ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու մասին դիմում է ներկայացրել:
ՄԱԿ-ի մամլո ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ Պաղեստինի անկախության մասին դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանձնել է Անվտանգության խորհրդին:










































