«Այսօր Ազգային ճակատը սկսում է իր վճռական գործողությունները, և դրա համար մշակել ենք մեր յուրովի ռազմավարությունը»,- այսօր Ազգային ճակատի համաժողովի մասնակիցներին իրենց գործողությունների ռազմավարությունը ներկայացնելով՝ նշեց ճակատի անդամ Իշխան Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանավորները երկիրը հասցրել են սարսափելի վիճակի, և այս վիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա` կամ պետք է սեփական կամքով հեռանան, կամ էլ խախք ու խայտառակ եղած հեռացվեն ժողովրդի կողմից:
Իշխան Թովմասյանը իշխանություններին հիշեցրեց, որ ամեն անգամ գետը գերան չի բերի: Նա նաև նկատեց, որ իշխանություններն իմանալով, որ Ազգային ճակատը այսօր ներկայացնելու է շատ լավ ու նախադեպը չունեցող ռազմավարություն, փակել են ճանապարհները՝ համոզված լինելով, որ ժողովուրդն այդ ռազմավարությանը ծանոթանալով դուրս կգա խորը թմբիրից: Նա նաև շեշտեց, որ անկասկած այս ռազմավարությանը ծանոթանալով՝ ժողովուրդը հետ կկանգնի նաև «մեր դեմ խաղ չկա» ասողներից:
Ի.Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց ռազմավարությունը երկու փուլից է բաղկացած, և մեկնարկը լինելու է այն ժամանակ, երբ ասի ժողովուրդը` արտահայտելով իր ակտիվությունը. «Մեր գործն արդար է, և հաղթանակը մերն է լինելու»:
Այսօր համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացվեցին նաև Ազգային ճակատի համակարգող խորհրդի 31 անդամների անունները: Քվեարկությունն անցավ միաձայն: Նկատենք, որ նախկին համաժողովի ընթացքում որպես համակարգող խորհրդի անդամներ էին հաստատվել յոթ հոգի:
Իշխան Թովմասյանը, նկատեց, որ նշված երեսունմեկ մարդկանցից և ոչ մեկը անցած տարիների ընթացքում ոչ եղել է այս իշխանական բուրգում, ոչ ձեռքերն են կաշառոտված, ոչ էլ արյունոտված: Նա հավաստիացրեց, որ այս դահլիճից դուրս գալով այդ երեսունմեկ հոգին անցնելու են ակտիվ գործունեության՝ ներկայացված ռազմավարությունն իրականացնելու համար:










































