Այսօր մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ երգչուհի Սեզարիա Էվորան, ով սեպտեմբերի 29-ին համերգներով պետք է հանդես գար Երևանում, հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով չգա Երևան: Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց երգչուհու համերգի երևանյան կազմակերպիչներից «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ երգչուհին Փարիզում իրեն վատ է զգացել ու տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նա գտնվում է փարիզյան հիվանդանոցներից մեկում, սակայն իրենք հույսով սպասում են լավ լուրի:
«Եկեք չխոսենք համերգի տեղափոխման կամ չեղյալ հայտարարման մասին: Մենք դեռ ոչ մի հայտարարություն չենք անում, սպասում ենք` տեսնենք ի՞նչ կասեն մեզ երգչուհու` Փարիզում տեղակայված մենեջմենթից: Նրանք մեզ դեռ երեկ երեկոյան տեղեկացրին երգչուհու ինքնազգացողության մասին»,- ասաց նա` հույս հայտնելով, որ գուցե այսօր ինչ-որ լավ լուր ստանան ու չունենան հայտարարություն անելու կարիք:
Հիշեցնենք, որ Սեզարիա Էվորան 2008թ. ուղեղի կաթված է ստացել, իսկ 2010թ. նրա սիրտը վիրահատել են:









































