«Ո՞ւմ է պետք այս ստրկական անկախությունը, ի՞նչ է, այդ անկախությունը մեզ զե՞րծ է պահում կեղծիքներից, մենաշնորհներից, կաշառակերությունից»,- այսօր «Ազգային ճակատի» համաժողովի ժամանակ հնչեցրած իր ելույթում ասաց ճակատի ղեկավար, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նկատենք, որ համաժողովին շատ քիչ մասնակից կար` առավելագույնը հիսուն հոգի: Համաժողովի նախաձեռնողները նշեցին, որ սակավաթիվ լինելու պատճառներն իրենք գիտեն և հուսով են, որ շուտով իրենց մյուս համակիրները կհասնեն:
Տիգրան Կարապետյանն իր խոսքում անդրադարձավ անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին՝ նշելով, որ այն ոչ թե ադրբեջանցիների համար էր, այլ Հայաստանի քաղաքական այլախոհերի. «Ուզում էին ասել` տեսեք տանկերի հզորությունը, դե մի հատ փորձեք խլվլալ»։
Կարապետյանը նշեց, որ Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի մեղավորը հենց ժողովուրդն է, այդուամենայնիվ, ասաց, որ հայ ժողովուրդը «վերից վար ինքնամաքրման» հնարավորություն ունի:
Համաժողովի նախաձեռնողները տեղեկացրին, որ այսօր ներկայացնելու են մի այնպիսի ռազմավարություն, որը մինչ օրս հայաստանյան քաղաքական դաշտում չի եղել:







































