Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները դեսպանատան աշխատակիցների հասցեին «բացարձակապես անհիմն են»։ «Անցյալ ամիս Ռուսաստանի իշխանությունները 6 բրիտանացի դիվանագետի զրկել են դիվանագիտական հավատարմագրումից Ռուսաստանում, ինչը հաջորդել է Միացյալ Թագավորության կառավարության ձեռնարկած գործողություններին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ամբողջ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում ուղղորդված գործողությունների, – ասվում է հայտարարության մեջ։
– Մենք ներողություն չենք խնդրում մեր ազգային շահերը պաշտպանելու համար»։Բրիտանիան Ռուսաստանի այս քայլը կապում է մայիսին Լոնդոնում ՌԴ դեսպանատան կցորդի հավատարմագրումը չեղարկելու և Բրիտանիայում ռուսաստանցի բոլոր դիվանագետների համար 5-ամյա ժամկետ սահմանելու հետ։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր որ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակիցները հավատարմագրումից զրկվել են դիվանագետների այնպիսի գործողությունների պատճառով, որոնք վկայում են հետախուզական և դիվերսիոն աշխատանքի մասին։










































