Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը մեկնաբանել է սեպտեմբերի 21-ին Երևանում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցությունը.
«Ռուսական զորամասերը տեղակայված են Հայաստանում, Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված են ներքին համաձայնագրեր։ Ինչպիսի քաղաքականություն վարել՝ դա նրանց անձնական գործն է։ Մեզ հետաքրքրում է Ադրբեջանի հանդեպ ռուսական բանակի վերաբերմունքը, և այդ պլանում Ադրբեջանը լուրջ դժգոհություններ չունի։
Ռուսական բանակը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան պետության իրավունքը, և փորձեր չի ձեռնարկում այդ իրավունքների խախտման ուղղությամբ։ Վստահ եմ, որ այսուհետ նույնպես այդպես է լինելու»։
Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած անկախության զորահանդեսից հետո ադրբեջանական լրատվամիջոցները խիստ քննադատության ենթարկեցին հայկական կողմին զորահանդեսում ռուս զինծառայողների մասնակցության համար՝ ընդգծելով, որ դրանով Հայաստանն ի ցույց դրեց, որ ինքը լիարժեք չէ, Ռուսաստանի նահանգը կամ գաղութն է։










































