«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է սեպտեմբերի 14-ին մանկական վիրաբուժության բաց դռների օրվա անցկացման մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Ինչպես տեղեկացրին Ուիգմորից, բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +374 12 34 56 78 հեռախոսահամարով։«Բաց դռների օրերը Ուիգմորի հայեցակարգի մի մասն են կազմում՝ հնարավորություն ստեղծելով բուժառուների համար տեղում ծանոթանալ անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և մեզ մոտ ընդունված բուժման առանձնահատկություններին և մեթոդներին», – նշում է մանկական վիրաբույժ, մանկական վիրաբուժության ծառայության պատասխանատու Արա Կարապետյանը։
«Այս կոնտեքստում հատուկ կառանձնացնեի անհետաձգելի վիրաբուժությունը. անհետաձգելի դեպքերի ամենամեծ դժվարությունը պլանավորման բացակայությունն է․ առաջին պլանում է թիմի փորձառությունը, հիվանդանոցի հագեցվածությունը և արագ, կոմպետենտ գործելու ունակությունը։ Անհետաձգելի վիրաբուժության մեջ ընդամենը մի քանի րոպեն երեխայի կյանքի համար որոշիչ կարող է լինել», – նշում է Արա Կարապետյանը։ Բաց դռների օրվան ընդառաջ վիրաբուժական թիմը պատմում է, որ Ուիգմորում լայնորեն կիրառվում է վիրահատությունների լապարասկոպիկ մեթոդը․ կարևոր ձեռքբերում է համարվում քիմիաթերապևտիկ բուժում ստացած երեխաների ուռուցքների հեռացումը, դժվար հասանելի ուռուցքների բիոպսիան՝ մինչև քիմիոթերապիան, որովայնի և կրծքավանդակի տարբեր տեղակայման էխինոկոկային բշտերի հեռացումը լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։










































