Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 66-րդ նիստում, որում քննադատության է ենթարկել Իսրայելին՝ իսրայելական կառավարության ուսերին բարդելով թուրք-իսրայելական հարաբերություններում տիրող ներկայիս քաղաքական լարված իրավիճակի մեղավորությունը.
«Թուրքիան անխոս աջակցում է Պաղեստինին, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ճնշումներ բանեցնել Իսրայելի վրա։ Դուք այսօր պետք է նորովի գնահատեք Մերձավոր Արևելքի քաղաքական և մարդկային աշխարհագրական վերջին զարգացումները։ Նոր մոտեցումն անհրաժեշտ է դարձել «արաբական գարնան» հետևանքով առաջացած քաղաքական նոր կլիմայի ֆոնին։
Իսրայելը պետք է ներողություն խնդրի նախորդ տարվա մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ, փոխհատուցում վճարի և վերացնի Գազայի հատվածի շրջափակումը։ Իսրայելը լրջորեն վիրավորել է Թուրքիային ու նրա ժողովրդին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե «Մավի Մարմարա»-ից հետո ինքն օրինական հիմք ուներ Իսրայելին պատերազմ հայտարարելու համար.
«Ես չեմ հասկանում այն անձանց, ովքեր ասում են, թե Թուրքիան կպչում է Իսրայելին։ Իսրայելի կողմից «Մավի Մարմարա»-ի վրա հարձակվելն ու թուրք քաղաքացիների սպանությունն այդ երկրին պատերազմ հայտարարելու օրինական հիմք էին տալիս ինձ, սակայն ես զսպվածություն դրսևորեցի»։
Իսկ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն տեղի ունեցածը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով նրա վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից։








































