Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է կիսվել հետհեղաշրջումային շինարարության ոլորտում իր ունեցած փորձով.
«Միջազգային հանրությունը պետք է պատասխանի ազատության ու արդարադատության հանդեպ ժողովուրդների ձգտմանը, և միայն կոլեկտիվ գործողություններն են ի վիճակի ապահովել տևական անվտանգություն։ Ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ չի կարելի պայքարել միայն ռազմական ու ոստիկանական մեթոդներով։ Նրանք կոչնչացվեն միայն այն ժամանակ, երբ համայն աշխարհում կտիրի ազատություն, ժողովրդավարություն ու բարգավաճում։
Վրաստանը պատրաստ է իր փորձը կիսել այն երկրների հետ, ովքեր ձեռք կբերեն ազատություն։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի կառավարությունը գնաց աննախադեպ քայլի և աշխատանքից հեռացրեց բոլոր ոստիկաններին։ Երեք ամիս շարունակ Վրաստանում ոստիկաններ չկային, սակայն դրանից հանցագործությունը չաճեց, քանի որ ժողովրդի մոտ հայտնվեց պատասխանատվություն իր երկրի համար։
Շուտով Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի նոր կառավարությունների առջև կծառանան նոր խնդիրներ, և այդ երկրներում իրականացված հեղափոխությունների հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան արագ նրանք կսկսեն իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ»։
Սաակաշվիլին նաև քննադատել է Ռուսաստանին Վրաստանի հետ երկխոսություն չսկսելու համար։
Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 2-4-ը։ Հեղափոխության հիմնական մոտիվը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումն էր։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին։
Ի դեպ, օրեր առաջ Կրինիցայում տեղի ունեցած 21-րդ Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Սաակաշվիլին տվել էր «Վարդերի հեղափոխության կնքահոր» անունը.
«Ոմանք կարծում են, թե մենք գաղտնի ընդհատակյա հանդիպման ժամանակ նստել և նախապես պլանավորել ենք, թե ինչպես անվանել հեղափոխությունը, սակայն դա այդպես չէ։ Բրայան Չիլկոտը վարում էր CNN-ի ուղիղ եթերով 4 ժամ անընդմեջ հեռարձակվող հեղափոխությունը և այդ ընթացքում բացականչել է «Սա իսկական վարդերի հեղափոխություն է»։ Այդտեղից էլ ծագեց հեղափոխության անվանումը։
7 տարի առաջ Վրաստանը փաստացիորեն չկայացած երկիր էր։ Մենք սկսել ենք պետություն կառուցել գրեթե զրոյից»։











































