ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ռումինիան, ինչպես և Եվրամիությունը, ցանկանում է Հարավային Կովկասում տեսնել այնպիսի երկրներ, որտեղ առկա են եվրոպական արժեքներ` ժողովրդավարություն, քաղաքական երկխոսություն` ոչ միայն ներքին, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով կայուն և հավասարակշռված երկրներ. «Մենք ցանկանում ենք, որ այս տարածաշրջանում հակամարտության նոր օջախներ չգոյանան, և որ այս տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծում ստանան»:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռումինիայի պաշտոնական դիրքորոշմանն անդրադառնալով` դեսպանը նկատեց, որ Ռումինիան ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը և կարծում է, որ նրանց գործունեությունը դեռևս սպառված չէ. «Մեզ համար ամբողջությամբ ընդունելի են այն որոշումները, որոնք կընդունեն հակամարտության կողմ երկրները, նման կոնֆլիկտներում լուծումները պետք է ընդունված լինեն հակամարտության կողմերի կողմից, քանզի միայն այդ կերպ կարելի է ապահովել երկարատև խաղաղությունը և այդ երկրների միջև երկարատև հարաբերությունները: Մեզ համար անընդունելի են այն որոշումները, որոնք թելադրված կլինեն դրսից»:
Դեսպանը շեշտեց, որ ինչպիսին էլ լինի ԼՂ հակամարտության լուծումը, Ռումինիան աջակցում է այն լուծմանը, որն ընդունված կլինի միջազգային իրավունքի շրջանակներում:









































