Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը ընդգրկված է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: Նաեւ արդեն հասանելի է դարձել օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգի բովանդակությունը: Այն իր զգալի մասով իհարկե ենթադրում է տեխնիկական համաձայնություններ, որոնց ուսումնասիրությունն ու գնահատականը թերեւս պահանջոււմ է սահմանազատման եւ սահմանագծման ոլորտային փորձագիտական եւ մասնագիտական պատրաստվածություն, հասկանալու համար, թե ինչպիսին է փաստաթուղթն ու կա՞ն արդյոք դրանում խութեր, թե՞ ոչ:
Սակայն, միեւնույն ժամանակ հարկ է նկատել մի քանի հանգամանք, որոնք առնվազն առաջացնում են հարցեր առաջին հայացքից: Մասնավորապես, պահպանված է վերապահումը, որ արձանագրված էր ապրիլի 19-ի հայտարարության մեջ: Մասնավորապես, խոսքը Ալմա Աթիի հռչակագրի մասին է: Թեեւ նշվում է, որ սահմանազատման գործընթացի հիմքում այդ հռչակագրից բխող սկզբունքն է, այդուհանդերձ պահպանվում է վերապահումը, որ՝ խաղաղության պայմանագրի գործընթացում այլ սկզբունք համաձայնեցնելու դեպքում գործընթացը ենթակա կլինի դրան: Իսկ դա փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը այդուհանդերձ առնվազն ձգտելու է «լղոզել» Ալմա Աթին, որը հայկական կողմը համարում է նվազագույն ձեռքբերում:
Մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ կանոնակարգը չի նշում հստակ քարտեզ, որը լինելու է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքում: Կանոնակարգում նշվում է, որ կիրառվելու են բոլոր վերաբերելի քարտեզները: Իհարկե, սա կարող է գնահատվել՝ բաժակը կիսով չափ լի կամ կիսով չափ դատարկ լինելու տրամաբանությամբ: Մի կողմից սա կնշանակի, որ կարող են կիրառվել հայկական կողմի համար նպաստավոր քարտեզներ, բայց մյուս կողմից՝ հակառակը: Հետեւաբար, ո՞ր պարագան է առավել հավանական, եթե նկատի առնենք Ադրբեջանի վարքագիծը եւ ուժերի բալանսը: Միեւնույն ժամանակ, կանոնակարգում կա ձեւակերպում, որ այս կամ այն հատվածի սահմանազատումից ու սահմանագծումից առաջ կազմվում է հատվածի գոյություն ունեցող պատկերի արձանագրություն-նկարագրություն, որը համարվում է համաձայնեցված՝ մինչեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ամբողջական ավարտ:
Իսկ սա առաջին հերթին առաջացնում է հարց այն հատվածների առնչությամբ, որոնցում, ըստ պաշտոնական Երեւանի հայտարարության, ադրբեջանցիները մտել են Հայաստանի սուվերեն տարածք: Ի՞նչ արձանագրություն-նկարագրություն է լինելու այդ հատվածների առնչությամբ: Այս հարցը ունի հանգամանալից պարզաբանման անհրաժեշտություն՝ նվազագույնը: Կանոնակարգում նշվում է նաեւ, որ արձանագրություն-նկարագրությունները եւ դրանց հավելվածները, կամ այլ կերպ ասած՝ գործընթացի փաստաթղթավորումը իրականացվում է երեք լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Նշվում է, որ բոլոր երեք լեզուներով տեքստերը համարվում են հավասարազոր, իսկ վիճելիության հարցերի դեպքում՝ գերակա է դիտվում ռուսերեն տեքստը: Իհարկե ընդունված պրակտիկա է, որ հակամարտ կողմերի միջեւ գործընթացներում փաստաթղթավորումը ունենում է նաեւ երրորդ լեզու:
Տվյալ պարագայում հարցն այն է, թե ի՞նչ սկզբունքով է երրորդ լեզու ընտրվել ռուսերենը: Իհարկե, նույն հարցը միանգամայն տեղին էր լինելու նաեւ որեւէ այլ երրորդ լեզվի ընդունման պարագայում, թե ինչու՞ տվյալ լեզուն: Ընտրվել է ռուսերենը եւ բնականաբար առաջանում է հարց, թե ինչու՞ ռուսերենը: Արդյո՞ք պատճառների շարքում կարող է լինել եւ այն, որ գործընթացում որեւէ ներգրավվածություն ունենալու է ռուսական կողմը: Ի դեպ, ՌԴ արտգործնախարար Լավրովը այսօր արել է հայտարարություն, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը ենթադրում էր Ռուսաստանի փորձագիտական խորհրդատվություն, ինչը սակայն «կախված է օդում»: Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահ Պուտինի մի քանի առիթով հայտարարել է, որ ՌԴ գլխավոր շտաբում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի համար անհրաժեշտ բոլոր քարտեզներն ու փաստաթղթերը:










































