Ռուսական RBC-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի անկախությունը ճանաչած երկրների շարքը համալրվեց ևս մեկով։ Այս անգամ խոսքը խաղաղօվկիանոսյան Տուվալու կղզի պետության մասին է, որի տարածքը ընդամենը 26 քառակուսի կիլոմետր է, իսկ բնակչությունը՝ 12,000 մարդ։
Աբխազիայի ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթը ստորագրվել է Սուխումում։ Աբխազական կողմից այն ստորագրել է վարչապետ Սերգեյ Շամբան, իսկ Տուվալուի կողմից՝ վարչապետ Վիլլի Տելավին։
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 18-ին, սակայն Աբխազիայի ԱԳՆ-ն այն հրապարակել է միայն այսօր՝ սեպտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ մինչ այս Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26.08.2008), Նիկարագուան (05.09.2008), Վենեսուելան (10.09.2009), Նաուրուն (15-16.12.2009)։ Մայիսի վերջին էլ բազմիցս հաստատվեց ու հերքվեց Վանուատուի կողմից միայն Աբխազիայի անկախության ճանաչումը։
Ի դեպ, WikiLeaks-յան բացահայտումներում նշված է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած երկրները յուրօրինակ նվերներ են ստացել Ռուսաստանի կողմից։ Օրինակ՝ Նիկարագուան դա անելու համար Մոսկվայից ստացել է 130 քաղաքային ավտոբուս և 1 մարտական ուղղաթիռ։
Վենեսուելան Ռուսաստանի հետ կնքել է մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են էներգետիկայի ու սպառազինության վաճառքի ոլորտներին։ Դրա շնորհիվ Վենեսուելան վաստակել է մի քանի միլիոն դոլար։ Նաուրուն Ռուսաստանից ստացել է 50 միլիոն դոլար։









































