Ամերիկյան The Wall Street Journal օրաթերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, որ բացահայտվել չի ցանկացել, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հաղորդակցական ուղիղ կապ հաստատել Իրանի իշխանությունների հետ: Հիշյալ պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Պարսից ծոցում Իրանի զինված ուժերի հետ թյուրիմացաբար առաջացած բախումների համար:
ԱՄՆ ՊՆ պաշտոնյան նշել է, որ այդ ուղիղ կապը, որն անվանվում է «Կարմիր հեռախոսակապ», կօգնի, որ Պարսից ծոցում երկու երկրների զինված ուժերը սխալմամբ չբախվեն իրար, որովհետև նմանօրինակ պատահարի դեպքում տարածաշրջանում լայնատարած պատերազմ կարող է սկսվել:
Ամերիկյան օրաթերթի փոխանցմամբ՝ «Կարմիր հեռախոսակապի» նախագիծը դեռ քննարկման առարկա է, և հավանություն ստանալու դեպքում այդ նախագիծը կներկայացվի ԱՄՆ ՊՆ:
The Wall Street Journal-ի մատուցմամբ՝ վերջին ամիսների ընթացքում Պարսից ծոցում գտնվող բրիտանական ռազմանավերը կրակ են բացել Իրանի պահակազորի՝ իրենց մոտեցող ռազմանավակների վրա: Այդ ուղղությամբ, ԱՄՆ զինված ուժերն էլ մտահոգություն են հայտնել, որ հնարավոր է, օտարերկրյա ռազմանավերի երթևեկությունը վերահսկելու նպատակով, Պարսից ծոցում գտնվող Իրանի պահակազորի ռազմանավակները համալրվեն հրթիռներով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱՄՆ զինված ուժերի ընդհանուր շրտաբի հրամանատար Մայք Մուլենն էլ մտահոգություն էր հայտնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բացակայության առնչությամբ:










































