Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվում են 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ փողոցները։Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի 4 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 804 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ փողոցների ասֆալտապատում՝ 517 մետր ընդհանուր երկարությամբ և 2669 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրը նախատեսված էր իրականացնել 2022 թվականին, սակայն այն տեղափոխվեց 2024 թվական՝ տվյալ փողոցներում ջրաշինական աշխատանքների իրականացման պատճառով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից և օգոստոսի 27-ի դրությամբ արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Վերոնշյալ 4 փողոցների բնակիչներն ասֆալտապատ ճանապարհից կօգտվեն առաջին անգամ։






































