Հնդկաստանի վարչապետ Մոդին օգոստոսի 23-ին այցելել է Կիեւ, եւ դա ըստ էության հնարավոր է համարել պատմական այց, քանի որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ է, որ Հնդկաստանի վարչապետն այցելում է Ուկրաինա: Մոդին հայտարարել է, որ Ուկրաինա է ժամանել խաղաղության կոչով, ասելով, որ Հնդկաստանը պատրաստ է անել հնարավորը՝ խաղաղության շուրջ բոլոր կողմերի երկխոսությանը նպաստելու համար:
Հուլիսին Հնդկաստանի վարչապետն այցելել էր Մոսկվա: Կասկածից վեր է, որ Մոդիի ուկրաինական այցը արտացոլում ոչ միայն ուկրաինա-հնդկական հարաբերության, այլ ընդհանրապես միջազգային հարաբերությունների պատմական շրջափուլի առանձնահատկությունները: Հնդկաստանը փորձում է բարձրացնել իր միջազգային դերը, ընդհուպ թերեւս ՄԱԿ ԱԽ մշտական անդամի կարգավիճակի, առավել եւս հաշվի առնելով այն, որ Հնդկաստանը միջուկային տերությունների շարքում է: 2021 թվականին տեղի ունեցավ հայ-հնդկական հարաբերության պատմական իրողություն՝ առաջին անգամ Հայաստան ժամանեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
Անցել է գրեթե չորս տարի, սակայն մեծ հաշվով հայ-հնդկական քաղաքական հարաբերության առաջընթաց տեմպ նկատելի չէ: Մինչդեռ, բավականին ակնառու է, որ երկրները ունեն ընդհանուր քաղաքական ու տնտեսական, կամ այսպես ասած՝ աշխարհտնտեսական եւ ռազմա-քաղաքական հետաքրքրություններ, հետեւաբար նաեւ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտություն: Այդ իմաստով, արդյո՞ք կա փոխադարձ դիվանագիտական աշխատանք՝ Հնդկաստանի վարչապետի Հայաստան այց կազմակերպելու ուղղությամբ: Թե՞ Դելին եւս այդ մակարդակում չի դնի տարբերակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Համենայն դեպս, 2021 թվականին արձանագրված պատմական իրողությունից հետո, հայ-հնդկական հարաբերությունում հետընթաց իհարկե չկա, սակայն կարծես թե չի նշմարվում նաեւ հարաբերությունների մակարդակի աճի դինամիկա: Անշուշտ, ռազմա-տեխնիկական հարաբերությունը շատ կարեւոր է, սակայն վերջին հաշվով, ռազմավարական հարաբերությունը պետք է ուղեկցվի բալանսավորված շերտերով, հետեւաբար պետք է հետ չմնան տնտեսական հարաբերությունները եւս: Վերջին հաշվով, խորքային իմաստով տնտեսական ներդրումների ծավալն ու որակն է հարաբերությունների ռազմավարական խորության առավել ստույգ ինդիկատորը:








































