Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընտանիքով մեկնել է Ուզբեկստան՝ այդ երկրի նախագահ Միրզիոյեւի հրավերով: Ալիեւը Տաշքենդ է այցելում Բաքվում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից երեք օր անց: Այդ հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ Ուզբեկստանը այն երկրներից է, ուր ՌԴ նախագահ Պուտինն առաջիններից մեկն այցելեց ընթացիկ տարվա իր վերընտրություններից հետո:
Ընդ որում, Պուտինը 2024-ի մայիսին այցելել է Ուզբեկստան Պետական այցով, ինչպես որ օրեր առաջ այցելել էր Բաքու: Ուզբեկստանը երրորդ երկիրն էր, ուր այցելեց վերընտրված Պուտինը՝ Չինաստան Պետական այցից եւԲելառուս այցից հետո: Դա թերեւս վկայում է կարեւորությունը, որ Կրեմլը տալիս է Կենտրոնասիական այդ հանրապետությանը: Այյդ ֆոնին էլ ուշադրության է արժանի, որ օգոստոսի 19-ին Պուտինի Բաքու կատարած ետակկան այցից երեք օր անց Ալիեւն այցելում է Ուզբեկստան: Սա կարող է լինել նշան, որ Բաքվում քննարկումները ենթադրել են հարցերի բավականին ընդգրկուն, լայն շրջանակ եւ Ադրբեջանը Ռուսաստանի համար դիտարկվում է ոչ միայն կովկասյան, այլ նաեւ կենտրոնասիական չափումով առանցքային գործընկեր:
Հնարավոր է, որ Պուտինը Միրզիոյեւին կհայտնի որեւէ ընդհանուր պայմանավորվածության մասին, ինչն ամենայն հավանականությամբ բավականին կլարի Էրդողանին: Նա ըստ ամենայնի կանգնած է Կենտրոնական Ասիան «կորցնելու» հեռանկարի առաջ: Իհարկե խոսքը պայմանական, այլ ոչ բացարձակ կորստի մասին է, սակայն փաստացի կա մի իրավիճակ, երբ Ադրբեջանի հետ սերտ հարաբերության գնացող Չինաստանը եւ Ռուսաստանը մեծ հաշվով ի դեմս Բաքվի փորձում են Ադրբեջանը վերածել պատի՝ պայմանական ասած ռուս-չինական պատի, որը կարգելափակի Թուրքիայի ընթացքը դեպի Կենտրոնական Ասիա:
Իհարկե Թուրքիան այս դեպքում դիտում են թերեւս թե ինքնուրույն խաղացող եւ հավակնոտ պետություն, թե նաեւ որպես Արեւմուտքի համար միջոց՝ այդ թվում իր հավակնություններով հանդերձ: Ալիեւն այդ իմաստով կլինի՞ վստահելի պատ, թե՞ ճակատագրական պահին կարող է այսպես ասած հանձնել բանալիները Էրդողանին: Դա առայժմ իհարկե հիպոթետիկ հարց է, որովհետեւ գործնական մակարդակում այսօր չկան եւ չեն նշմարվում դրան տանող հանգամանքներ:
Առայժմ Մոսկվան ու Պեկինը փորձում են ձեւավորել կենտրոնասիա-կովկասյան «լանդշաֆտ»: Ի դեպ ուշագրավ է, որ Բաքվի հանդիպումից հետո Ալիեւը մեկնում է Ուզբեկստան, իսկ Պուտինը Մոսկվայում բանակցում է Չինաստանի վարչապետի հետ: Ձեւավորվող «լանդշաֆտում» Հայաստանը կարծես թե ենթարկվում է «բուֆերային» գոտու վերածվելու ռիսկի: Այդ ռիսկը հաղթահարելու գործնական հնարավորությունը Հայաստանի տարածքով Հյուսիս-հարավ կամ Պարսից ծոց-Սեւ ծով հաղորդակցային միտքը զարգացնելու գործնական քայլերն են:









































