Հղելով Reuters-ին, ադրբեջանական մամուլը գրում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքի «հրաժեշտի ասուլիսի» մասին, որ նա կազմակերպել է ոչ թե Անկարայում, այլ՝ Ստամբուլում, որպեսզի «ամփոփի իր դիվանագիտական առաքելությունը»: Ըստ այդմ, նա ասել է, որ Միացյալ Նահանգները «բոլոր գործընկերներին, ներառյալ Թուրքիային, որ Իրանի հետ խնդրում է համոզել նրանց (Իրանին) ապաէսկալացման գնալ»:
Նա բացահայտել է, որ Վաշինգտոնում թուրք դիվանագետներն ակտիվ աշխատում են, որպեսզի իրավիճակը չսրվի, եւ նրանք «ավելի վստահ են, քան ԱՄՆ-ը, որ նույնպես ապաէսկալացման է ձգտում»: Ու՞մ հետ են թուրք դիվանագետներն ակտիվ աշխատում՝ ԱՄՆ դեսպանը չի մանրամասնել: Իրանը եւ Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ չունեն, Վաշինգտոնում իրանցի դիվանագետներ չկան եւ դժվար է կռահել, թե ի՞նչ շփումնորով է պայմանավորված ապաէսկալացման հարցում թուրքական կողմի «առավել վստահությունը»:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիայի սպանությունից ի վեր թուրք-իրանական որեւէ մակարդակի շփումների մասին տեղեկություն չկա: Նախօրեին Բաքվի մամուլը թուրք փորձագետների ընդհանրական տպավորություն է փոխանցել, որ իսրայելա-պաղեստինյան հարցում ԱՄՆ-ը «Թուրքիային դուրս է մղում եւ փոխարինում Իրանով»:
Ստամբուկյան «կլոր սեղանին» Թուրքիայում ԱՄՆ դեսպանի նկատառումներն ուղղված են այդ տպավորությունը ցրելու՞ն: Թուրք վերլուծաբանները նման ընկալում հրապարակայնացրել են, որպեսզի ամերիկյան կողմը հերքի եւ վերահաստատի, որ Մերձավոր Արեւելքում Թուրքիան ԱՄՆ-ի վստահելի գործընկերն է:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մեկնել է Մերձավոր Արեւելք: Ըստ մամուլի, նա կայցելի Իսրայել, Եգիպտոս եւ Քաթար: Բլինքենը մինչ այդ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտի հետ եւ հորդորել շուտափույք հրադադար հաստատել:
Այս ֆոնին ամերիկյան մամուլը գրում է ԱՄՆ նախագահական ընտրություններին հօգուտ դեմոկրատների Իրանի միջամտության մասին: Նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի մերձավոր շրջապատից տեղեկատվություն է տարածվել, որ իրանցի հաքերները գրոհում են նրա տեղեկատվական բազան:
Եթե Միացյալ Նահանգներն իրոք Թուրքիային «խնդրում է» ազդել, որ Իրանը գնա ապաէսկալացման, ապա պետքարտուղար Բլինքենի ուղեւորության «քարտեզում» ինչու՞ Անկարան նշված չէ, ինչու՞ թուրքական կողմից Իրանի բարձրագույն իշխանության հետ շփումներ չեն իրականացվում:
Որ նախընտրական բարդ շրջանում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմով շահագրգռված չէ՝ հասկանալի է, բայց ջանքերը որքանո՞վ արդյունավետ կլինեն: Ըստ երեւույթին, էական է, թե Ռուսաստանը ե՞րբ եւ ի՞նչ սպառազինություններ կհատկացնի Իրանին: Այդ հարցում, երեւում է, Մոսկվան վերջնական որոշում չունի:
Բայց եթե անգամ գործարքը կայանա, իրանական օդուժը եւ ՀՕՊ համակարգն արդիականացնելու համար տեւական ժամանակ է պետք: Այդ իրավիճակում Թեհրանը հազիվ թե Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի շռայլություն թույլ տա իրեն: Մանավանդ, ԱՄՆ-ը պարզորոշ հայտարարել է, որ Իսրայելի կողքին է:
Թուրքիան, գուցե, Իսրայելին կամ առնվազն գործող վարչապետ Նաթանյահուին «ատամ ցույց տալու» նպատակ ունի, բայց Իրանին, կարծես թե, չի օգնի: Իսրայելի նկատմամբ Իրանի ցանկացած առավելություն եթե ոչ Թուրքիայի, ապա հաստատ Էրդողանի պարտությունն է: Այս փուլում, երեւում է, Էրդողանի համար ամենահարմար տարբերակը «պատվավոր չեզոքությունն» է: Բայց նա կզսպի՞ հավակնությունները:










































