Հղելով հնդկական մամուլի հրապարակումներին, ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ ուշադրություն են սեւեռել իրողությանը, որ Հնդկաստանի վարչապետ Մոդիի Կիեւ այցը ծրագրվում է օգոստոսի 24-ին, իսկ դա Ուկրաինայի անկախության օրն է:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ հնարավոր է՝ Կիեւ այցելի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը կամ ազգային անվտանգության հարցերով վարչապետի գլխավոր խորհրդարանը: «New York Times»-ը տեղեկացնում է, որ ASEAN-ի խորհրդաժողովից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը պնդել է, որ Տոկիոյում կազմակերպվի ԱՄՆ, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որի ընթացքում «Նյու-Դելիի նկատմամբ ճնշում է գործադրվել», – փոխանցում է inosmi.ru-ն:
Մի շարք մեկնաբաններ համարում են, որ տեղեկատվական ֆոնը «կազմակերպված է», իրականում Հնդկաստանը փորձում է իր նախաձեռնությամբ հակակշռել Ուկրաինայի հարցում Չինաստանի ընդգծված միջնորդությունը: Դա, կարծես, հիմնավոր գնահատական է: Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուենը, որ նախկինում դեսպան է աշխատել Մոսկվայում, փորձում է Գլոբալ հարավի միասնական դիրքորոշում ձեւավորել՝ այցելելով Բրազիլիա, Հարավ-աֆրիկյան հանրապետություն եւ Ինդոնեզիա:
Հնդկաստանի վարչապետի կամ ծայրահեղ դեպքում արտգործնախարարի կամ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի Կիեւ այցի շուրջ հրապարակումներում իշխում է մի հարցադրում՝ Նյու-Դելին այդ նախաձեռնությունը Մոսկվայի հետ համաձայնեցրե՞լ է, թե իրականացնում է Վաշինգտոնի «ճնշման տակ»: Հնդիկ վերլուծաբան Նանդան Ունիկրիշնան «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ եթե Մոդին Կիեւ է տանելու հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկություններ, ապա նա դրանք, երեւի, նախապես համաձայնեցրել է Պուտինի հետ:
Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Հնդկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Նատալյա Շահումյանի գնահատմամբ՝ «համաձայնեցվա՞ծ է Մոսկվայի հետ Մոդիի Կիեւ այցը, թե՞ ոչ՝ հայտնի չէ, բացառված չէ, որ Մոսկվան խաղադրույք է դնում հնդկական միջնորդության վրա»: Նրա կարծիքով, սակայն՝ «պարզ է, որ ինչքան էլ Վաշինգտոնը ջանա, Հնդկաստանն Ուկրաինային Ռուսաստանի դեմ չի պաշտպանի, Հնդկաստանն Ռուսաստանի հետ սերտ կապեր ունի, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում եւ իր դիրքորոշումը չի փոխի»:
Այդուհանդերձ, Հնդկաստանի վարչապետի Կիեւյան այցի ժամանակացույցը չափազանց խորհրդանշական է, եթե այն իրոք կայանա օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի պետական անկախության օրը: Դա արդեն իսկ կնշանակի, որ Ուկրաինայի հարցում Նյու-Դելին Մոսկվայից արմատապես տարբերվող մոտեցում ունի:
Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինայի ոչ միայն տարածքային ամբողջականությունը, այլեւ պետականությունը, համարում է, որ այդ պետությունն «արհեստածին է, ստեղծվել է պատմական ռուսական հողերի վրա՝ որպես բոլշեւիկյան պրոյեկտ»: Այդ պատմա-քաղաքական կոնցեպցիայի վրա է կառուցվել «հատուկ ռազմագործողության լեգիտիմությունը»:
Հնդկաստանի վարչապետի Կիեւ հավանական այցի շուրջ Ռուսաստանից առայժմ պաշտոնական արձագանք չկա: Թեեւ, ըստ էության, Հնդկաստանը դեռեւս չի հաստատել, որ վարչապետ Մոդին կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա օգոստոսի 24-ին կայցելի Կիեւ:
Բացառված չէ, որ այդ այցն առհասարակ չկայանա կամ հետաձգվի:
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Հնդկաստանը եւ Չինաստանը «սահմանային կայունության հարցերով խորհրդատվություններ են անցկացնում»: Եթե Պեկինը եւ Նյու-Դելին կարողանան հաղթահարել տարաձայնությունները, ապա հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ գագաթաժողովը կնշանավորվի համաշխարհային ուժի նոր բեւեռի առնվազն քաղաքական ինստիտուցիոնալությամբ, իսկ այդ դեպքում Հայաստանը կկանգնի քաղաքակրթական բարդ ընտրության առջեւ: Թուրքիան եւ Ադրբեջանը ձգտում են ԲՐԻԿՍ-ի անդամակցության:











































