Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի անկախության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Ղարաբաղը գոյություն ունի և ազատ է:
Քաղաքագետի խոսքերով` անխակության ձեռքբերումներից է նաև այն, որ այսօր մենք կարողանում ենք բարձր միջազգային ամբիոններից հնչեցնել մեր կարծիքը, բարձրացնել մեր հարցերը: Գրիգորյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ անկախության շնորհիվ բարձրագույն ամբիոններից, մասնավորապես` ՄԱԿ-ի ամբիոնից մենք կարողացանք խոսել Հայոց ցեղասպանության մասին:
«Երբ անկախություն ձեռք բերեցինք, հստակ պատկերացնում էինք, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել, բայց այսօր այդ պատկերացումները լղոզված են: Այն, որ մենք հավասար չենք օրենքի առջև, հանդիսանում է արտագաղթի գլխավոր պատճառը, սոցիալական պատճառներով արտագաղթը երկրորդական է»,- անկախության կորուստների մասին խոսելով` նշեց Գրիգորյանը:
Գրիգորյանը նաև նկատեց, որ մենք այսօր պետք է պատասխանենք այն հարցին, թե որն է մեր ինքնությունը: Քաղաքագետը նաև նկատեց, որ իշխանությունը ևս չի իրականացնում իր գործառույթները, նրա գնահատմամբ` այսօր իշխանությունը լավ միջոց է փող աշխատելու, սակայն իրական իշխանությունը պետք է ընտրված լինի ժողովրդի կողմից և ծառայի ժողովրդին: Ըստ քաղաքագետի` խնդիր է նաև այն հարցը, որ խորհրդարանն այսօր իշխանությունների կցորդն է, ոչ թե ժողովրդի ձայնի արտահայտողը: Գրիգորյանի խոսքերով` որպեսզի մեր անկախության առաջին օրերին դրված նպատակներն ու գաղափարները իրականան, խորհրդարանը պետք է զատված լինի իշխանություններից:








































