«Հիմնական մարտերն ընթացան Եվրանեստի քաղաքական հանձնաժողովներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` խոսելով Եվրանեստի ԽՎ առաջին լիագումար նիստում ներկայացված զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակության անհամաձայնության մասին:
Ինչպես համատեղ ասուլիսում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հիմնական անհամաձայնությունը ծագել է իրենց ներկայացրած բանաձևի նախագծի 59 և 60 կետերի շուրջ: «Այս կետերն էին այն պատճառը, որ մեր զեկույցը չընդունվեց, քանի որ կար առաջարկ փոփոխելու այդ երկու կետերը, որոնք վերաբերում էին միջազգային իրավունքի նորմերին»,- մեկնաբանեց Լ. Գալստյանը: Նա նաև նշեց, որ մինչ Ստրասբուրգ մեկնելը լիովին պատրաստ են եղել զեկույցին, սակայն «ազգային շահի հաշվին» չեն ցանկացել զիջումների գնալ: «Փորձեցինք նաև նահանջների գնալ, ցանկանում էինք նաև որոշ փոփոխություններ անել, որ մի քանի ամիս պատրաստած զեկույցը չտապալվեր, բայց դրանք շատ կարևոր փոփոխություններ էին»,- ասաց Լ. Գալստյանը:











































