ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ անկախության առանձնահատկությունների մասին, նկատեց, որ մենք միշտ պետք է հիշենք այն քաղաքական իրավիճակը, որում եղել է Հայաստանը, երբ սկսել է անկախության գործընթացը:
«Մեր անկախությունն իր իրավական ձևակերպումն ստացավ 1990 թ. Գերագույն խորհրդի ընտրություններից հետո, երբ մենք օրենսդրորեն իրավունք ստացանք գնալ անկախության: Հայաստանը ԽՍՀՄ անդամ միակ երկիրն էր, որը գնաց անկախության առանց առճակատումների` ընդունելով ԽՍՀՄ-ի իրավական դաշտի կանոնները:
Մենք Խորհրդային միության օրենքներով ընձեռած հնարավորություններով անկախություն հռչակեցինք, այդ պատճառով մեզ մոտ եղավ հանրաքվե, այդ պատճառով մենք անկախություն ստանալու իրավունքը և պատասխանատվությունը կիսեցինք ողջ ժողովրդի հետ»,- մանրամասնեց Իգիթյանը:
Նա նաև նշեց, որ իրավական ճանապարհով անկախություն հռչակելով՝ ՀՀ այն ժամանակվա իշխանությունները համոզված էին, որ այդ կերպ Հայաստանն ավելի ուժեղ կլինի, և ԽՍՀՄ-ի ցանկացած ճակատագրի պարագայում մեր անկախությունը չենք կորցնի:
«Այսօր էլ պետք է հպարտ ասենք, որ մենք քաղաքակիրթ, օրինական ճանապարհով ստացանք անկախությունը, ոչ թե ԽՍՀՄ փլուզմամբ: Սա է մեր անկախության առանձնահատկությունը»,- իր շնորհավորանքները փոխանցելով հայ ժողովրդին՝ շեշտեց Հովհաննես Իգիթյանը:









































