Կանբերան և Պեկինը «վերսկսել և աշխուժացրել են» իրենց գործընկերությունը՝ կայունացնելով երկու երկրների հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն՝ ամփոփելով Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման արդյունքները։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Ավստրալիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Պեկինի և Կանբերայի միջև հարաբերությունները զարգանում են առավել դինամիկ կերպով, երբ երկու երկրների կառավարություններն «աշխատում են ուղղակիորեն միմյանց հետ», և ևս մեկ անգամ ընդգծել է Ավստրալիայի և Չինաստանի երկխոսության կարևորությունն ինչպես այդ պետությունների ժողովուրդների, այնպես էլ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ընդհանրապես։
Ալբանիզը նաև հայտնել է, որ կառավարությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում «ստորագրվել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր», և ձեռք է բերվել էական առաջընթաց Ավստրալիայի քաղաքացիների համար Չինաստան առանց վիզայի մուտքի հարցում։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետը պաշտոնական այցով Ավստրալիա է ժամանել հունիսի 15-ին։ Քառօրյա այցի շրջանակներում Լի Ցյանը կհանդիպի Հարավային Ավստրալիայի գինեգործների հետ, հանդիպումներ կունենա Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի և առևտրի նախարար Դոն Ֆարելի հետ․ նրանք ծրագրում են Լի Ցյանի հետ քննարկել թարմ ծովամթերքի առևտրային մաքսատուրքերի վերացման հարցը, որոնք Չինաստանը սահմանել է 2020 թվականին։







































