ՀՀ անկախության ամենամեծ նվաճումը տնտեսական առումով ձեռներեցության ազատությունն է, որն ամրագրվեց համապատասխան օրենքներով, կարգերով, Սահմանադրությամբ, բայց որը, ցավոք, իրականություն չդարձավ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Սա տնտեսական առանցքային կատեգորիա էր: Մոտ 20 տարի առաջ պատկերացնում էինք, թե մեր երկիրն ինչպես պետք է լինի, և մտածում էինք, որ եթե մեր քաղաքացիներին տանք այս ազատությունը՝ երկիրը կծաղկեցնեն: 1990-1991 թթ.-ին, երբ ազատականացման առաջին քայլերն արվեցին, առևտուրը բացվեց, մենք ավելի լավ էինք ապրում, քան անգամ Մոսկվայում էին ապրում: Բայց, ցավոք, դա շարունակություն չունեցավ. վերջին տարիներին մենաշնորհատերերը՝ մի խումբ մարդիկ, բռնացրել են երկիրն ու տնտեսությունը և թույլ չեն տալիս զարգանալ՝ նպատակ ունենալով եկամուտներ ստանալ»,- ասաց Բ.Ասատրյանը:
Բ.Ասատրյանի բնորոշմամբ՝ ազատականացման սկզբունքներն իրականում չեն իրագործվում, ինչն էլ հենց «մեր այսօրվա կիսաթշվառ, թշվառ վիճակի պատճառն է»: