«Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ», Հնդկաստանի վարչապետ Մոդիին հղված շնորհավորական ուղերձում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ վերջին տարիներին հաջողվել է ստեղծել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմավարական երկխոսության ծավալման ամուր հիմքեր:
Հնդկաստանի վարչապետին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է այդ երկրում տեղի ունեցածծ խորհրդարանի ընտրությանը հաղթանակի կապակցությամբ, որից հետո Մոդին պահպանել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լիահույս է մոտ ապագայում Մոդիի հետ հանդիպման ձեւաչափում քննարկել ռազմավարական երկխոսությունը ծավալելու հարցերը: Արդյո՞ք պլանավորվում է Հայաստանի վարչապետի մոտալուտ այց Հնդկաստան, թե՞ Փաշինյանն ակնկալում է Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպում միջազգային որեւէ հարթակի շրջանակում:
Բոլլոր դեպքերում, էական է այն, թե Հայաստանն առարկայական ինչ բովանդակությամբ է ներկայանալու հնարավոր որեւէ հանդիպման, եւ ընդհանրապես՝ աշխատելու Հնդկաստանի հետ ռազմավարական երկխոսության ծավալման ուղղությամբ: Այդ առնչությամբ ավելորդ չէ հիշել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի՝ շաբաթներ առաջ Արմենպրես գործակալությանը տված հարցազրույցը, որում նա նշել էր, որ Դելին Երեւանին կոնկրետ առաջարկներ է ակնկալում Իրանի Չաբահար նավահանգստի հետ կապված: Հնդկաստանը Իրանի հետ մայիսի 13-ին պայմանագիր կնքեց այդ նավահանգստի արդիականացման եւ տասնամյա շահագործման մասին:
Չաբահարը ծրագրվում է կապել Հնդկաստանի Մումբայ նավահանգստի հետ, այդպիսով ստեղծելով համաշխարհային նշանակության լոգիստիկ նոր ուղի: Դրա հնարավոր երթուղիներից մեկը կարող է անցնել նաեւ Հայաստանով եւ անկասկած է, որ թե Հնդկաստանը, թե Իրանը կունենան այդ հարցում շահագրգռություն, սակայն ամենից շահագրգռված կողմը բնականաբար պետք է լինի Հայաստանը, առարկայացնելով իր հնարավոր ներգրավվածությունը կոնկրետ առաջարկներով: Երեւանը պատրա՞ստ է ներկայացնել դրանք Հնդկաստանի հետ այն բարձր մակարդակի հանդիպմանը, որի մոտալուտ լինելու առիթով հույս է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ գուցե հենց այդ առարկայությունը կամ կոնկրետությունն է նաեւ պայմանավորելու, թե որքան է մոտ Հայաստան-Հնդկաստան բարձր մակարդակի հանդիպումը:








































