Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) այսօր ներկայացրել է քրդական հարցի կարգավորման մասին զեկույց: Այն ստացել է՝ «PKK-ի («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն) ապստամբությանը վերջ դնել» անվանումը և բաղկացած է 42 էջից։
Զեկույցում ICG-ն նշել է, որ քրդական հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այն պետք է լուծել արմատական բարեփոխումների միջոցով։ Որպես այս ամենի հավաստում՝ ICG-ն հիշեցնում է, որ 1990-ական թվականներին թուրքական իշխանությունների մղած թեժ ռազմական գործողությունները, այդ թվում նաև անդրսահմանային օպերացիաները չհանգեցրին քրդական հարցի լուծմանը, այն շարունակեց մնալ չլուծված։ Դրանք այսօր նույնպես ի վիճակի չեն լուծել քրդական հարցը։ Դրա համար ներկայումս անհրաժեշտ է կյանքի կոչել արմատական իրավական, սոցիալական ու քաղաքական նախաձեռնություններ ու բարեփոխումներ։
Որպես հարցի լուծում՝ ICG-ն պաշտոնական Անկարային առաջարկում է հետևյալը. ա) բոլոր դպրոցներում քրդերն լեզվի գործածման պաշտոնականացում, բ) հակաահաբեկչական օրենքի լուրջ բարեփոխում, որով PKK-ին աջակցելու մեղադրանքով թուրքական բանտերում են հայտնվել 3000 քուրդ քաղաքական գործիչներ, գ) թուրքական խորհրդարան ներթափանցելու համար սահմանված նախընտրական 10 տոկոսանոց շեմի նվազեցում։
Բացի այդ, Անկարան պետք է քրդական կողմի հետ աշխատանքներ տանի PKK-ի զինաթափման, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) խորհրդարանական բոյկոտին վերջ դնելու և նոր Սահմանադրության մշակմանը ԽԺԿ-ի մասնակցության ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում գոյություն չունի «Քրդական հարց», փոխարենը գոյություն ունի «Ահաբեկչության խնդիր»:
Իսկ դրանից մոտ երկու ամիս անց թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում բնակվող քրդերի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է խորհրդարանում ձևավորել «Իմաստունների հանձնաժողով».
«Դրանում պետք է ներառվեն խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։ Բացի այդ, անհրաժեշտ է, որ տվյալ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեն տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այդ հարցը չի կարող լուծել միայն մեկ կուսակցություն։ Տվյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության բոլոր շերտերի կարծիքները»։










































